Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ևս հետաձգեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի և ՃՈ աշխատակիցներ Ստեփան Կարախանյանի, Արա Լևոնյանի և Սամվել Մախմուրյանի կողմից բենզինի յուրացման գործով դատավարությունը:
Դատաքննական փուլն արդեն ավարտված է, դատարանն այսօր պետք է անցներ դատական վիճաբանությունների փուլին, մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պետք է կարդար մեղադրական ճառը, սակայն ամբաստանյալ Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանի բացակայության պատճառով նիստը կրկին հետաձգվեց և կշարունակվի մարտի 27-ին՝ ժամը 15.00-ին:
Պաշտպանը գրավոր ծանուցմամբ դատարանին հայտնել էր, որ հիվանդության պատճառով չի կարող մասնակցել նիստին և խնդրել էր բացակայությունը հարգելի համարել ու հետաձգել դատական նիստը: Դատավոր Մխիթար Պապոյանը պաշտպանի բացակայությունը հարգելի համարեց և որոշեց, որ, առանց ամբաստանյալի պաշտպանի, նիստը շարունակել հնարավոր չէ:





































