Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն TGRT Haber հեռուստաալիքի ծրագրերից մեկում անդրադարձել է Սիրիայի ու Իրանի խնդրիներին.
«Սիրիայում բռնությունների սկսվելուց ի վեր ցայսօր զոհվել է մոտ 9000 մարդ: Եթե հաշվի առնենք անհետ կորածներին, ապա այդ ցուցանիշը կմոտենա 20,000-ին: Կան ավելի քան 70,000 ձերբակալվածներ:
Սիրիայում հնարավոր չէ իրավիճակը փրկել կոսմետիկ միջոցներով՝ ընտրություններով: Սիրիայում անցկացվեց հանրաքվե, սակայն ի՞նչ տվեց դա: Ոչինչ: Բաշար Ասադին պետք է համոզել հանձնել իշխանությունը: Ասադից հետո Սիրիայի ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչ է ցանկանում»:
Իրանի հետ կապված՝ Դավութօղլուն հայտարարել է. «Թուրքիան և Իրանն ունեն սերտ հարաբերություններ: Երկու երկրները մշտական շփումների մեջ են: Չնայած դրան՝ երկու երկրները տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայի հարցում: Մինչդեռ մենք առաջին երկրներից ենք, որ ընդդիմանում ենք Իսրայելի կողմից Իրանին հարված հասցնելուն: Մեր տարածաշրջանում այդպիսի քայլն անընդունելի է: Մենք բացասականորեն ենք վերաբերվում դրան»:









































