Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմինը դեռ չի ավարտել «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ընկերությունում տարեսկզբին վերսկսած ստուգումները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՊԵԿ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Նելի Մանուչարյանը: Նա նշեց, որ ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված ժամկետներում և ավարտվելու դեպքում կտեղեկացնեն հանրությանը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը 2011-ի վերջին քրեական գործ էր հարուցել ՀԷՑ-ի դեմ: ՊԵԿ-ի քննչական վարչության աշխատակիցները հոկտեմբերին խուզարկություններ էին սկսել ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում, որի ընթացքում առգրավվել էին կարևոր փաստաթղթեր։ ՊԵԿ-ը համոզված էր, որ ՀԷՑ-ը պետական բյուջե չի վճարել շահութահարկի, եկամտահարկի, ավելացրած արժեքի հարկի և պարտադիր սոցվճարների մի մասը։ Ամբողջական գումարը կազմում է գրեթե 2 մլրդ դրամ։ Ի պատասխան՝ ՀԷՑ-ը բողոք էր ներկայացրել ՊԵԿ-ի վերաքննիչ հանձնաժողով։ Դեռ նախորդ տարվա վերջին ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հույս էր հայտնել, որ 2012-ի առաջին եռամսյակում որոշակի լուծում կլինի։







































