Մի քանի տարի անց ռուսական քաղաքականության մեջ առաջատար դիրքեր կգրավեն կանայք: Այսպիսի եզրահանգման է եկել Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Մամլո ասուլիսին Մատվիենկոն հայտարարել է, որ կառավարությունում աշխատելու առաջարկ ինքը չի ստանա: «Երկու անգամ նույն գետը չի կարելի մտնել»,- ասել է նա` հավելելով, որ 5 տարի փոխվարչապետ է եղել այն ժամանակահատվածում, երբ կառավարությունն աշխատում էր ֆորսմաժորային հանգամանքներում: Նրա խոսքերը մեջբերել է ITAR-TASS գործակալությունը:
«Ես արել եմ հնարավոր ամեն բան`երկիրը զարգացման ուղի դուրս բերելու համար: Դա անցած փուլ է: Ես վստահ եմ, որ այդպիսի առաջարկ չեմ ստանա»,- ասել է Մատվիենկոն` ընդգծելով, որ զբաղեցնում է պետական լուրջ պաշտոն ու պետք է արդյունավետ աշխատի:
Մատվիենկոն կարծում է, որ կանանց քաղաքականություն բերելու հարցում Ռուսաստանը պետք է օրինակ վերցնի Հյուսիսային Եվրոպայի երկրներից, որտեղ կանայք մեծ թիվ են զբաղեցնում կառավարությունում: «Քաղաքացիները հոգնել են տղամարդկանց կոպիտ քաղաքականությունից: Կանանց ներկայությունը քաղաքականության մեջ այն ավելի մարդկային կդարձնի»,- բացատրել է նա:
«Պատրաստվե՛ք մայրիշխանությանը, այն մոտենում է»,- խոստացել է կին քաղաքական գործիչը` համոզմունք հայտնելով, որ մի քանի տարի անց «Ռուսաստանի քաղաքական քարտեզը միանգամայն այլ դեմք կունենա»:











































