«Ջազզվե» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի «Բարբրի Լիմիթեդ» ընկերության տարածած երեկվա հաղորդագրության կապակցությամբ իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո:
««Ջազզվե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին և իր գործունեության ընթացքում հասցրել է ձեռք բերել բարի համբավ ու սիրվել մեր շատ համաքաղաքացիների կողմից: «Ջազզվե» ընկերությունը «Ջազզվե» ապրանքային նշանի ներքո գործող սրճարաններում մատուցվող ծառայությունների, ճիշտ քաղաքականության, ինչպես նաև իր երկարատև գործունեության ընթացքում մտավոր սեփականության ինստիտուտի հանդեպ ցուցաբերած հարգանքի շնորհիվ ներկայումս հանդիսանում է Հայաստանում ամենամեծ սրճարանային ցանցը, որն ընդգրկում է թվով ինը սրճարան:
Անդրադառնալով վերջերս մամուլում տեղ գտած տեղեկատվությանը` կապված «Ջազզվե» ընկերության կողմից «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանը ապօրինի օգտագործելու հետ, հարկ ենք համարում նշել, որ «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը 25.11.2011 թվականին «Ջազզվե» ՍՊ Ընկերությանն ուղարկված նամակով խնդրել է դադարեցնել «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:
Խոսքը վերաբերում է դեռևս 2003 թվականին բացված`Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առաջին «Ջազզվե» սրճարանին, որտեղ օգտագործվող պատերի հարդարանքը «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը նմանեցրել է իր ապրանքային նշանին:
«Ջազզվե» ընկերությունը 24.02.2012 թվականին ստացել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2012թ. որոշումը` «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունն ընդդեմ «Ջազզվե» ՍՊԸ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Ներկայումս հայցադիմումը ուսումնասիրվում է «Ջազզվե» ընկերության շահերը ներկայացնող «Լեքս Փարթներս» իրավաբանական գրասենյակի կողմից:
Հաշվի առնելով այն, որ հայցի առարկա հանդիսացող ապրանքային նշանը դեռևս 2003 թվականից օգտագործվում է բոլորովին այլ` ընկերության գործունեության հետ որևէ կերպ չառնչվող ծառայությունների շրջանակում, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից ներկայումս կատարվում է խնդրո առարկա ապրանքային նշանի պատկանելիությունը որոշելու վերաբերյալ փորձաքննություն, «Ջազզվե» ընկերությունը իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո,– նշված է «Ջազզվե»–ի տարածած հաղորդագրության մեջ:





































