Ռուսական օրաթերթն այսօր հաղորդել է, որ ԱՄՆ-ը խնդրել է Ռուսաստանին տեղեկացնել Իրանի ղեկավարությանը, որ գալիք բանակցությունները՝ համաշխարհային 6 ուժերի հետ, Իրանի «վերջին հնարավորությունն են»:
Reuters-ը գրում է, որ Kommersant թերթում տեղ է գտել ռուսական դիվանագիտական աղբյուրի հաղորդումն այն մասին, որ իսրայելցիները դե ֆակտո վարկաբեկում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նրան դնելով մի իրավիճակում, որտեղ նա կա՛մ կաջակցի Իրանի դեմ պատերազմին, կա՛մ կկորցնի իսրայելական լոբբիի աջակցությունը:
Վերջին շրջանում, սակայն, ավելացել են մտավախությունները, որ Իսրայելը կարող է Իրանի դեմ պատերազմ սկսել, եթե անգամ չստանա ԱՄՆ-ի աջակցությունը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան համաձայնել էին վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները:






































