Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է նախկին Խորհրդային Միության խնայբանկերում ավանդներ կատարած անձանց անհատական փոխհատուցում վճարելու մասին հրամանը: Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
Դրանում մասնավորապես նշված է, որ դա վերաբերում է միայն Ադրբեջանի քաղաքացիներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի վերջին տեղի ունեցած խորհրդարանական քննարկումների ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը հայտարարել էր. «Պետք է այնպես անել, որ ժողովրդին վերադարձրած գումարները մնան Ադրբեջանում, բաժին ընկնեն Ադրբեջանի քաղաքացիներին ու չարտահոսեն դեպի արտասահման։ Մենք գտնվում ենք եվրոպական իրավական դաշտում, և հնարավոր է՝ լուրջ բարդությունների հանդիպենք։ Առաջին հերթին պետք է լուծել այդ խնդիրները»։
Միևնույն ժամանակ Բաքվի «Ազադլըղ» թերթը գրել էր. «Տվյալ հարցում դժվարությունների ի հայտ գալու պատճառն այն է, որ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում ավանդ կատարածներին փոխհատուցում ստացողների թվում կան նաև 400,000 հայեր ու 120,000 ռուսներ:
Ընդհանուր առմամբ, նրանք պետք է ստանան տասնյակ միլիոնավոր դոլարներ, ինչն էլ դժվարացնում է ադրբեջանական իշխանությունների կողմից համապատասխան որոշման ընդունումը։ Ավանդների փոխհատուցման գործընթացը սկսելիս պետք է հաշվի առնել հայերի ու ռուսների գործոնը։ Իսկ դա նշանակում է, որ միլիոնավոր մանաթներ (1 դոլարը հավասար է 0.78 մանաթի) կհոսեն դեպի Ռուսաստան ու Հայաստան»:











































