Սիրիայում շարունակվող հակամարտության մեջ Ռուսաստանի իշխանությունները պաշտպանում են ոչ թե Բաշար Ալ-Ասադի վարչակարգը, այլ արդարությունը. այսպիսի հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Թե ով պետք է Սիրիայում իշխանության գլուխ մնա՝ որոշում է նրա ժողովուրդը: Մենք սատարում ենք ոչ թե վարչակարգին, այլ արդարությունը, իրենց՝ սիրիացիների ժողովրդավարական ընտրությունների ինքնիշխան իրավունքը»,- ասել է նախարարը՝ «Կառավարական ժամի» շրջանակներում ելույթ ունենալով Պետդումայում:
«Մեր նպատակն է խաղաղության հասնել Սիրիայում, պահպանել մարդկային կյանքեր, թույլ չտալ ազգամիջյան պայթյուն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մեր սահմանների ամենամոտ հարևանությամբ պահպանել կայունություն և անվտանգություն»,- ասել է Լավրովը, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Նախարարի ասելով՝ դրա այլընտրանքը «կործանիչ քաղաքացիական պատերազմն է՝ անկանխատեսելի տարածաշրջանային հետևանքներով»:
Արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել երկու կողմերի՝ և՛ Դամասկոսի, և՛ ընդդիմության տարբեր խմբավորումների, Արաբական պետությունների լիգայի, տարածաշրջանի ու միջազգային առաջատար խաղացողների և անմիջապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ:
Լավրովը, անդրադառնալով Սիրիայում ռազմական միջամտության հարցին, ասել է, որ ինքը անհրաժեշտ չի համարում դիմակայել ԱՄՆ-ին և ռազմական ներկայություն ապահովել Սիրիայում: Նա նշել է, որ դա հակասում է ՌԴ շահերին:
Հիշեցնենք. Սիրիայում արդեն մեկ տարի է՝ շարունակվում են բախումները իշխանությունների և ընդդիմության ուժերի միջև: Այդ ընթացքում զոհվածների վերաբերյալ տվյալները շատ հակասական են և տատանվում են 7000-8000-ի սահմաններում:












































