Հեռուստաընկերությունների եթերում ակնհայտ առաջատարությամբ ՀՀԿ-ն մեծ ուշադրության է արժանացել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ՀՀ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ներում մշտադիտարկման հաշվետվությանը:
Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում՝ նախորդ տարվա նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 15-ը, Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացվել է մշտադիտարկում՝ Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում քաղաքական կուսակցությունների գործունեության վերաբերյալ:
Մշտադիտարկումն ընդգրկում է վեց հեռուստաալիք՝ Հայաստանի հանրային հեռուստատեսություն, «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», «Շողակաթ» մայրաքաղաքային հեռուստաալիք և Հայաստանի հանրային ռադիո: Թվարկված հեռուստաալիքներում հետազոտվել են երեկոյան ժամերին հեռարձակվող լրատվական ծրագրերի հիմնական թողարկումները և հիմնական հասարակական-քաղաքական, բանավիճային հաղորդումները:
Մշտադիտարկման են ենթարկվել այն հաղորդումները, որոնցում անդրադարձ է եղել քաղաքական այն 14 կուսակցություններին և շարժումներին, որոնք այս կամ այն կերպ արտահայտել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին։
Ըստ Բ. Նավասարդյանի՝ նախ մշտադիտարկման ընթացքում ֆիքսել են, որ նախորդ և առաջիկայում կայանալիք ընտրությունների միջև մեծ տարբերություն չկա։ Հաջորդը՝ նախընտրական քարոզչության օրենսդրական կարգավորման բացակայությունը որոշակի խնդիրներ է առաջացնում, որովհետև իրականում նախընտրական քարոզչությունը սկսում է շատ ավելի վաղ: Բանախոսի համոզմամբ՝ այդ պատճառով առաջանում են անհավասար պայմաններ։
«Խնդիրը, որ մենք արձանագրել ենք մշտադիտարկման ընթացքում, գնահատական պարունակող հաղորդումներն են՝ 10%։ Հեռուստաընկերություններից ամենահավասարակշիռը «Երկիր մեդիա»-ն է: «Շանթ»-ում գնահատական պարունակող հոդվածները 28% են: Եթե կա նման մեծ տարբերություն, եզրակացնում ենք, որ կարելի էր ավելի հավասարակշռված և չեզոք լուսաբանել»,- մեկնաբանեց բանախոսը:
Նա անդրադարձավ նաև այն կուսակցություններին, որոնք հեռուստաալիքների վրա չունեն ազդեցություն, և ասաց, որ դրանք քիչ են լուսաբանվում: Ուսումնասիրած բոլոր հեռուստաընկերություններում առավելություն ունի ՀՀԿ-ն, մեկում՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն՝ «Երկիր Մեդիա»-ում:
Նա ասաց՝ եթե նախորդ ընտրությունների ժամանակ մեծապես լուսաբանվել է Ժողովրդական կուսակցությունը, ապա այժմ այն նվազագույնի է հասել:
«Հանրային հեռուստաընկերության մեր կողմից դիտարկված հաղորդումներում, բացի վեց կուսակցություններից, չեն եղել այլ կուսակցությունների աշխատանքը լուսաբանող հաղորդումներ: Հ1-ը փաստորեն լիովին անտեսել է մյուս բոլոր քաղաքական կուսակցությունների աշխատանքը»:
Բ. Նավասարդյանի կարծիքով՝ ուշադրության կարող էր արժանանալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործունեությունը, որը չի արվել:








































