Շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու Խաչիկ Սուքիասյանը ժամանակին հրաժարվեց ԱԺ իր մանդատից և ինչու է այժմ կրկին առաջադրվում: Այսպիսի հարցադրմամբ սկսեց այսօրվա մամուլի ասուլիսը ինքը` Սուքիասյանը` հավելելով, որ այն մթնոլորտը, որ ձևավորվել էր իր` մանդատը վայր դնելու ժամանակ, անհնար էր աշխատելու համար, իսկ այժմ այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ գործընկերների հետ հնարավոր է խորհրդարանում օրինաստեղծ գործունեություն ծավալել:
«Ես միայնակ ոչինչ անել չեմ կարող, բայց այսօր ակնհայտորեն լավ իրավիճակ է ստեղծվել:
ՀՀ տնտեսութան զարգացմանը նպաստելու համար ես հիմա էլ պատրաստ եմ տնտեսական գործունեությամբ զբաղվել: Տնտեսական գործիչների հայտնվելը ԱԺ-ում նորմալ է, թող նրանք գան, տեսնեն` տվյալ ոլորտում ինչ խնդիրներ կան, բայց միանշանակ է, որ նրանք ներսի մարդիկ պետք է լինեն, պատկերացում ունենան տնտեսության մասին:
Եղել են դեպքեր, երբ գործարար մարդիկ ինչ-որ խելացի մտքեր են արտահայտել և դրանք փոխանցել կառավարություն։ Այս քսան տարվա մեջ տնտեսության որևէ ճյուղում թռիչք չենք ունեցել»,- ասաց նա:
Սուքիասյանի խոսքով՝ ինքը ՀԱԿ-ի հետ է և կարծում է, որ վերջինիս աջակցել ասածն այսպես է պատկերացնում: «Եթե հասարակությունը ցանկանում է մի քաղաքական ուժի տեսնել ԱԺ-ում, ես այդ ուժի կողմից եմ: ՀԱԿ-ն է իշխանությանը ներկայիս միակ հակակշռող ուժը, և այն, որպես այդպիսին, պետք է հայտնվի ԱԺ-ում: Միաժամանակ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայեցողությանն եմ թողել ՀԱԿ համամասնական ցուցակում լինել-չլինելուս հարցը»:
Անդրադառնալով թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր ախոյանին` Նուշիկյան ասոցիացիայի նախագահ Գարիկ Նուշիկյանին, Սուքիասյանը նշեց, որ նորմալ է վերաբերվում նրա հետ մրցակցությանը, հաջողություն է մաղթում նրան՝ միաժամանակ հայտնելով, որ ինքը շատ վստահելի և ուժեղ թիմ ունի:
«Ինձ միայն մի հարց է հետաքրքրում. թեկուզ Նուշիկյանը խնամիական կապերով կապված է ՀՀ գլխավոր դատախազի հետ, վերջինս իրավունք չունի աջակցել Նուշիկյանին»:
Խոսելով իր նոր նախագծերի մասին` Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ԱԺ-ում իր առաջին գործը հարկային նոր փաթեթ ներկայացնելն է լինելու: «Զրո դրամ հարկ պետք է սահմանվի առանձին ծածկագրեր ունեցող ապրանքների, մասնավորապես հագուստի առևտրի ոլորտում»,- նշեց նա:
Ամփոփելով` Խաչիկ Սուքիասյանը կրկին հավաստեց, որ պատրաստ է իր պոտենցիալով աջակցել ՀԱԿ-ին. «Ես այն գործիչը չեմ, որ նրան ֆինանսապես աջակցեմ: Հերքում եմ, որ նախորդ ընտրություններին ֆինանսապես աջակցել եմ Հայ ազգային կոնգրեսին»։












































