Փենսիլվանիա նահանգի նախկին ղեկավար Ռիք Սանտորումը, որը մասնակցում է ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական փուլին, երեկ հաղթել է Ալաբամա նահանգի նախնական ընտրություններում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ ավելի քան 50% քվեների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ Սանտորումը հավաքում է ձայների 35%-ը, երկրորդը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նյութ Գինգրիչն է (30%), իսկ երրորդը` Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու Միթ Ռոմնին (28%):
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Միսիսիպի նահանգում անցկացված նախնական ընտրություններում առավելություն ունի Միթ Ռոմնին, սակայն այստեղ էլ ձայների հաշվարկը շարունակվում է:
Նշվում է, որ ամենամեծ ձախողումը կարելի է համարել այս նահանգներում Նյութ Գինգրիչի պարտությունները, քանի որ հարավային Ջորջիա նահանգում ծնված Գինգրիչը նախատեսում էր հաղթել հարևան նահանգներում:







































