Ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանի (զոհվել է 2012-ի փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումից) մահվան դատաբժշկական եզրակցությունը մինչ օրս պատրաստ չէ: Թեև նախնական վարկածով Ալբերտ Ադիբեկյանը սպանվել էր հակառակորդի արձակած գնդակից, սակայն ավելի ուշ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային ծառայության քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվեց քրեական գործ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Իգնատ Աշոտի Ենգիբարյանի նկատմամբ, ըստ որի՝ Ալբերտը սպանվել է վերջինիս արձակած գնդակից: Իգնատ Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ալբերտի մայրը՝ Մանուշակը, այն կարծիքին է, որ եթե անգամ Իգնատ Ենգիբարյանն է սպանողը, ապա սա համապետական հանցագործություն է,որի անունն է անտարբերություն, քանի որ տեղում պետք է լինեին չինովնիկները, բարձրաստիճան սպաները, իմանային՝ ինչ են շնչում իրենց զինվորները, ինչ խմորում է նրանց մեջ, ինչ հարաբերություններ ունեն իրար հետ.«Սահման են ուղարկում պաշտպանելու, բացել են պետական սահմանը, սա մտածելու տեղիք է տալիս… Նա ընդամենը կատարող գործիք է, որին չեն հղկել, չեն սովորեցրել ոչ մի բան, պետք է դարձնեին զինվոր, հղկեին, և պետք է հայրենիքի զգացողությունը բարձր պահեին նրա մեջ, որ պոստում կանգնած իր ընկերոջը չխփեր»,-ասում է Մանուշակը, որը մի քանի օր առաջ մանուշակների մի փունջ էր տարել տղայի շիրիմին: «Ես մայր եմ, ես չեմ կարող համակերպվել այս ամենի հետ, բայց ինձ համար այդ տղայի մեղավորության պահն ամենավերջում է կանգնած, ինձ համար դա ամենաանցանկալին է, ամենանախընտրելին ադրբեջանցու գնդակը կլիներ»:
Ալբերտ Ադիբեկյանը ոչ միայն լավ դաշնամուր էր նվագում, գերազանցիկ էր և ԵՊՀ ուսանող, այլ նաև հրաշալի ստեղծագործում էր. 9-րդ դասարանի շարադրություններից մեկում գրել է.«Մեր երկիրը փոքր է, փոքրիկ, աշխարհի քարտեզի վրա այն գտնելու համար լարում ես ուշադրությունդ, բայց որքան փոքր է, հազարապատիկ ավելի թանկ է ու նվիրական, պետք է պահենք ու պահպանենք այն, պետք է ջանանք, որ այն հզորանա և աշխարհին ներկայանա իր գիտությամբ, մշակույթով, արվեստով: Ես դեռ փոքր եմ, բայց հասկանում եմ, որ միայն լավ ապրելու համար չի կարելի գնալ օտար երկիր, օտարի երկիրը շենացնել: Իմ կարծիքով դա հանցանք է, հայրենիքի դավաճանություն: Իմ ապագան իմ հայրենիքից անջատ ու կտրված լինել չի կարող: Իմ հայրենիքի պայծառ ապագան իմ պայծառ ապագան է…»: Հայրենիքի մասին այս պատկերացումներով էլ բանակ էր գնացել և մեկ տարի ու չորս ամիս ծառայել:
Ընտանիքի անդամները որևէ կերպ չեն կարողանում համակերպվել կատարվածի հետ, ապրում են Ալբերտի հիշողություններով, տետրերով և պատվոգրերով:
Թեև ծնողները որևէ մեկնաբանություն չեն ուզում անել, քանի դեռ չկա դատաբժշկական եզրակացությունը, բայց անընդունելի են համարում երգիչ-երգիչուհիների կողմից Ալբերտի անունը անհարկի շահարկելը:
Ալբերտի մայրը դիմում է երգիչ-երգչուհիներին.
Շատ եմ զարմանում,
Արդեն զայրանում
Մեր պատմությունից
Դասեր չքաղող
Մեր ազգի վրա,
Որ նենգ թշնամուց
Անարմատ, անդեմ այդ հրեշներից,
Դարեր շարունակ չենք տեսել երբեք
Ադամի որդուն հարիր մեկ արարք
Ու դեռ շարունակ
Մարդակերպ չարքից
Ակնկալիքներ ունենք մարդկային..
Կանգ առեք, հայեր…
Ու թե չլիներ Սահմանին զոհված
(կամ թե սպանված
Դա ամոթն է մեր,
Ամոթն է ազգիս)
Եվս մեկ զինվոր
Ախ զավակը իմ,
Պիտի ազգովի ասենք ախ ափսոս
Ու հազար ափսոս
Նրանց ազգային պատվին արժանի
Այդ որոշումը.
-Չգնալ Բաքու էն մեծ …-ին հաճոյանալու,
Չէր կայանալու…
Ու չգիտես ինչ մոլուցքի ցավով,
Կարծրացած մտքի օրենքի դավով
Պատրաստ էին ոմանք
(Պատրաստ են ոմանք)
Մասնակից լինել
Անմեղ հայերի արյունով ներկված,
Կարմիր այդ բեմի մեծ խրախճանքին:
-Բավ չէ՞ սխալվենք
Կա՛նգ առեք, հայե՛ր..
Կրկին դավելով մեր ինքնությանը
Հայի անունի վրա դնելով
Եվս մեկ սև բիծ
Այդ խրախճանքի փողը փչելով,
Պատրաստ էին ոմանք
(Պատրաստ են ոմանք)
Նորից շրջելու պատիվը հայի,
Անիվը բախտի… Ու գիտակցաբար…
Ամոթ է..ամոթ
Կանգ առեք հայեր..
Երբ դեռ շրջում են եթերի մովում,
Մոլորված բախտից անգութ զարկված
Հոգիները դեռ…
Հոգիներն հայոց
Մորթված այդ անսիրտ,
Բիրտ գազանների
Ցնորքի զարկից…
Ամոթ է, ամոթ
Թույլ էլ չեք տալիս
(Գազաններին բիրտ)
Կրեն նեղություն,
Խնդրեն թողություն
Գալիք հայերից,
Այս թարս աշխարհից
Ու մարդկությունից:
Ամո՛թ է մարդիկ…
Ալբերտ Ադիբեկյանի մայրիկից











































