Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշանակել է երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով խորհրարանի կայքը, դրանք տեղի կունենան մայիսի 7-ին:
Սիրիայում մեկ տարի առաջ սկսված կառավարական ուժերի և ընդդիմության միջև բախումները վերջին ամիսներին վերածվել են արյունալի զինված հակամարտության: Երկրի իշխանությունները հայտարարում են, որ այս իրադարձությունների համար պատասխանատու են զինված ահաբեկիչները: Մինչդեռ միջազգային հանրությունը արյունահեղության համար մեղավոր է համարում իշխող վարչակարգին: Իրադրությունը կայունացնելու միջազգային միջնորդական ջանքերը մինչ այժմ որևէ արդյունք չեն տվել:
Մեկ տարվա ընթացքում Սիրիայում, տարբեր տվյալներով, զոհվել է 7000-8000 մարդ:









































