Այս գործերում թաթախված մի շարք իրավաբաններ պնդում են, որ շահավետ բիզնեսը բավական լավ կազմակերպված է հանցագործ խմբի կողմից, և նրանց կողքին են կանգնած կառավարության պաշտոնյաներ: Իսկ կոռումպացված դատական համակարգն այս պարագայում ոչ թե հանցագործություններն է բացահայտում և կանգնում խաբված հայ քաղաքացու կողքին, այլ հիանալի հնարավորություններ է ստեղծում ոչ միայն այդ գործերը հավերժորեն քողարկելու, այլև հանցագործների գործունեությունը շարունակելու համար:
Այս անգամ կներկայացնենք Երևանի կենտրոնում շինարարական գործունեություն ծավալած երեք տարբեր «հերոսների» քաջագործությունները, որոնց գործողությունների արդյունքում տուժել է ավելի քան 250 քաղաքացի, և որոնցից և ոչ մեկը մինչ օրս որևէ փոխհատուցում չի ստացել: Վլադ Մանգասարյան, Սիմոն Աղազարյան և Գագիկ Պապոյան. սրանք այն անուններն են, որոնց շուրջ բարձրացված աղմուկն ամենամեծերից է, իսկ փոխարենը կատարվող գործողությունները գրեթե չնչին են:
«Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն Սիմոն Աղազարյանի անունը, կարծում ենք, շատ է շոշափվել. թվով 65 քաղաքացիների հետ անշարժ գույքի նախնական առուվաճառքի, փոխառության և ներդրումային համագործակցության մասին պայմանագիր կնքելով՝ այս անձը այսօր և ոչ մեկին բնակարան չի տրամադրել, իսկ տուժած քաղաքացիները խուճապահար այս ու այն կողմն են ընկած:
Բուզանդի 13-21 հասցեում դեռ 2006 թվականից մեկնարկած շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում կառուցվելիք շենքում բնակարաններ և առևտրային տարածքներ ստանալու նպատակով ներդրումներ են կատարել շուրջ 70 քաղաքացիներ, մինչ օրս գտնվում են զրոյական մակարդակի վրա, իսկ բնակիչներն ապրում են հույսով, թե մի օր շինարարական ընկերության ղեկավարի խիղճը կարթնանա, և նա կհիշի բնակիչների հետ ունեցած պարտքուպահանջի մասին:
2006-2008 թվականներին Սիմոն Աղազարյանը, մնալով վերահսկողությունից դուրս, նախնական առուվաճառքի պայմանագրեր է կնքել 65 քաղաքացիների հետ, ընդ որում՝ նոտարական գրասենյակում, ինչն էլ մարդկանց հավատ է ներշնչել, որ եթե պետական մարմինն է առնչվում այս ամենի հետ, չեն կարող խաբել: Բայց արի ու տես, որ պայմանագրերի արդյունքում Աղազարյանը 3 մլրդ դրամ գումար է հավաքել քաղաքացիներից, որից, սակայն, միայն 419 մլն-ն է ներդրել շինարարության մեջ ու այդ միջոցներով շինարարությունը բերել է միայն զրոյական մակարդակի, այսինքն` փոսային աշխատանքներն են կատարվել: Եվ ստացվել է այնպես, որ տարիներով Բուզանդի 13-21 հասցեի տարածքը մնացել է անփոփոխ: Արդեն 2008 թվականի աշնանը, տեսնելով, որ շինարարությունը տարիներով առաջ չի գնում, ներդրումներ կատարած քաղաքացիները խուճապի մեջ են ընկել, և պայմանագիր կնքած անձանց մի մասը հայտնվել է արդեն տարբեր նախաքննական մարմիններում. հայտարարություններ են տվել, որոնց հիման վրա Աղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել սկզբում 178 հոդվածի հատկանիշներով, այն է` խարդախություն, որն էլ այնուհետ փոխարինվել է 179 հոդվածով` յուրացում:
Սիմոն Աղազարյանին նախորդ տարվա դեկտեմբերին կալանավորեցին, սակայն ընդամենը մեկ ամիս հետո նրան անձնական երաշխավորությամբ բաց թողեցին: Դատարանում Աղազարյանի գործողություններից տուժած քաղաքացիներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով` Սիմոն Աղազարյանը մենակ չի այս գործընթացն իրականացրել, նրան հովանավորել են մի շարք պաշտոնյաներ, և այսօր էլ նա դատախազության հովանու ներքո է, վերջինս էլ շարունակում է պաշտպանել Աղազարյանի շահերը:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դատարան ներկայացած դատախազն ավելի շատ Սիմոն Աղազարյանի պաշտպանն է, քան մեղադրող դատախազը: Դատական ողջ գործընթացում մենք լիարժեք մեղադրանք պաշտպանող դատախազ չտեսանք: Մտադիր եմ անգամ այդ հարցը բարձրացնել, քանի որ այնպիսի տպավորություն է, որ ես գնացել եմ մեղադրանք պաշտպանելու, իսկ մեղադրողն էլ իմ կողքին նստել ու լռել է: Եթե մեղադրողն այս 70 տուժողների շահերը ներկայացնելու փոխարեն լռություն է պահպանում և չի ուզում՝ ոչ մի հանգամանք վեր հանվի, սա արդեն շատ վտանգավոր է»,- ասաց փաստաբանը:
Սեդա Սաֆարյանի խոսքով` դատական պրակտիկայում մենք քիչ ունենք այսպիսի իրավիճակ, երբ անձը կալանքից ազատվել է, որևէ միջոց չի ձեռնարկում հասցրած վնասները գոնե մասնակի հատուցելու համար և շարունակում է հովանավորվել որոշակի մարդկանց կողմից: «Ոչ միայն ոչ մեկը չի փոխհատուցվել, այլև Սիմոն Աղազարյանը դեռ, ազատ մնալով, ամռանը կարողացել է նաև այլ քաղաքացիներից գումարներ վերցնել: Ես այնպիսի տպավորություն ունեմ, թե Աղազարյանին շարունակում են դրսում պահել, որ գումար աշխատի, և շարունակվի ժողովրդին խաբելու գործընթացը: Իրենք մի ձև գտնում են այդ գործելակերպը շարունակելու համար, անկախ նրանից՝ լիազորագրով, թե առանց դրա»,- նշեց փաստաբանը:
Ինչպես հայտնի է` շենքի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը պայմանագիր էր կնքել «Վիսկոն» ՍՊԸ-ի հետ, որն էլ կառուցապատման իրավունքով հողը տվել էր «Նարեկ Շելթեր»-ին, այսինքն` Սիմոն Աղազարյանին: Վերջինս էլ, կառուցապատման իրավունք ունենալով, քաղաքացիների հետ պայմանագրեր էր կնքել: Սակայն հետաքրքիրն այս պարագայում այն է, որ Երևանի քաղաքապետարանը, տրամադրելով դատարկ հողատարածք, այսօր արդեն որոշակի շինությունով այն հետ է վերցրել` առանց վնասները հատուցելու:
«Այսինքն` պետությունն՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, պետք է վերահսկողություն իրականացներ, քաղաքացիների պաշտպանությունն ապահովեր, բայց ինչ է ստացվել… Երևանի քաղաքապետարանը հապճեպորեն, դեռևս Աղազարյանի չդատապարտված լինելու պայմաններում, հողամասի վերաբերյալ պայմանագիրը լուծելու հայցապահանջ ներկայացրեց դատարան, դատարանն էլ, իհարկե, այդ պայմանագիրը լուծեց` առանց հաշվի առնելու, որ Երևանի քաղաքապետարանի և «Վիսկոն»-ի միջև պայմանագրի լուծումը հանգեցնում է երրորդ անձանց իրավունքների խախտման»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Նոտարական վավերացումով առուվաճառքի պայմանագրեր ունեցող 62 քաղաքացիներն այսօր արդեն դիմել են պատկան մարմիններին` խնդրելով, որ շենքի կառուցապատման իրավունքն իրենց փոխանցեն և քաղաքացիները սեփական միջոցներով շենքն ավարտին հասցնեն: «Մարդիկ ունեն նոտարական վավերացումով 62 պայմանագրեր՝ Ալվարդ Մելքոնյանի մոտ կնքած, վճարված գումարները յուրացվել են, շենքը չի կառուցվել, մենք մնացել ենք առոչինչ: Մենք չգիտենք՝ մեր վճարած գումարների որ մասն է ներդրվել կառուցապատման մեջ, եթե ամբողջը ներդրվեր շենքի մեջ, այն այսօր ահագին կառուցապատված կլիներ»,- ասաց տուժած բնակիչների կողմից հիմնադրված «Սոց Բուզանդ» ՀԿ նախագահ Արտաշես Բաղդասարյանը և միևնույն ժամանակ հավելեց, որ չեն պատրաստվում այդ գումարներն Աղազարյանից պահանջել: «Եթե մեր գումարները պահանջենք, մենք այսօր տեսնում ենք այդ կառուցապատող ընկերության ֆինանսական վիճակը, ընդամենը սնանկ կճանաչեն, այդ ընկերությունը ոչինչ չունի տալու բնակիչներին, ոչ մի ապահովվածություն չունի, լուրջ պետական սխալի արդյունք է մեր այսօրվա վիճակը»,- նշեց քաղաքացին:
Ինչ վերաբերում է Մաշտոցի պողոտայի հարևանությամբ՝ Արամի 72-80 հասցեում կառուցվող շենքերի «սեփականատերերին»` այս քաղաքացիները արդեն «ԳԱՊբնակշին» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանից խաբվածներն են: Վերը նշված անձը, որը հայտնի է բնակարանների կրկնակի և անգամ քառակի վաճառքի գործարքներով, հետախուզման մեջ էր և հայտնաբերվեց օրեր առաջ:
Նա մեղադրվում է խաբեությամբ, բնակիչների վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ և արդեն կալանավորված է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Գ. Պապոյանը, կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարաններ վաճառելու պատրվակով, բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, 2004-2011 թթ. ընթացքում նրանց հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել է ընդհանուր առմամբ 407.413.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար և հափշտակել:
Պարզվում է` «ԳԱՊբնակշինը» և «Նարեկ Շելթերը» իրար հետ են աշխատել: Գագիկ Պապոյանը Բուզանդի հասցեի փոխհատուցված քաղաքացիներին պարտավոր էր Սիմոն Աղազարյանի հետ համաձայնեցված բնակարաններ հատկացնել, բայց դա ևս չի արվել: Դեռևս 2004 թ. իրացվել են Բուզանդի 13-21 հասցեների սեփական տները, բնակիչների հետ պայմանագրեր են կնքվել, որ տեղում կառուցվող շենքից բնակարան են ստանալու: Տեսնելով, որ տեղում շենք չի կառուցվում, ստիպված են եղել համաձայնել բնակարան ստանալ Արամի 72-80 հասցեում «ԳԱՊբնակշին» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շենքում, սակայն այդ շենքում ևս խաբված սեփականատերերին բախտ չի վիճակվել բնակարան ստանալ. հետո արդեն պարզվել է, որ մի բնակարանը վաճառված է մի քանի հոգու: Իսկ նախատեսված շենքի 172 բնակարանի համար կնքված է մոտ 700 նախնական առուվաճառքի պայմանագիր:
Այսինքն՝ երբ բոլոր մեթոդները դետալ առ դետալ ուսումնասիրվում են մեր կողմից, տեսնում ենք, որ դրանք բոլորը փոխկապակցված են եղել և ուղղված քաղաքացիներին բացահայտորեն խաբելուն:
Արամի 72-80 շենքում բնակարանի սպասողներն էլ համոզված են, որ սա հանցագործությունների շղթա է, որի մեջ ընդգրկված են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ. ամեն ինչ կատարվել է պատվիրված, օրենքի սահմաններում: «Խարդախները կարողացել են նույն տան վրա նույն նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանի ձեռքով կնքել մի քանի առուծախի պայմանագիր»,- ասացին նրանք:
Իսկ գրեթե նույնատիպ խարդախությունների հերթական գլխավոր հերոս Վլադ Մանգասարյանը իր գործողությունները, ինչպես բազմիցս նշել է նրանից առավելապես տուժած՝ սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանը, կատարել է «Արին Կապիտալ» ներդրումային ընկերությունում, սակայն, ի տարբերություն նման այլ շինությունների, այստեղ խարդախները ավելի կատարելագործված են, ունեն ավելի ուժեղ «ընկերներ» և դեռևս կարողանում են շարունակել թալանն ու խուսափել պատասխանատվությունից:
Ինչպես հաճախ այս հարցի վերաբերյալ բարձրաձայնել է սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանը` այս դեպքում պայքարը կազմակերպված խմբի դեմ է, որի մեջ կան փաստաբաններ, հաշվապահներ, դատավորներ, սնանկության գործով կառավարիչներ և կառավարության կոռումպացված ու անտարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախապատմությունը հետևյալն է: 2004 թ. Էդմոնդ Խուդյանը ձեռք է բերել Մաշտոցի 33 հասցեում գտնվող 4-հարկանի շենքը՝ այն վերանորոգելու և վաճառելու նպատակով, որի վերանորոգման աշխատանքները հանձն առած անձը՝ Վլադիսլավ Մանգասարյանը, շենքը քանդել է՝ առանց Խուդյանի թույլտվության՝ այն շինության կողքին գտնվող Մաշտոցի 33ա տարածքին միացնելու և այնտեղ բարձրահարկ շենք կառուցելու նպատակով: Ինչևէ, ներդրում անելով և ձեռք բերելով Մաշտոցի 33ա տարածքը այն պայմանով, որ իր մասնակցությունը պետք է ավարտվեր 2006 թ. մայիսին և ստանար իր ներդրած գումարներն ու որոշակի շահ, գործարարը բոլորովին այլ իրավիճակի առջև է կանգնում:
Ներգրավելով բազմաթիվ գնորդների (հիմնականում սփյուռքից)՝ յուրաքանչյուր գործարք նախօրոք համաձայնեցնելով Մանգասարյանի հետ, վաճառքից էլ գումարներ հատկացնելով Մանգասարյանին և շինարարությանը, Խուդյանը հետագայում ականատես է լինում կանխամտածված սնանկության փաստին, իսկ Մանգասարյանը, որը պետք է շինարարությունն ավարտին հասցներ, դրա փոխարեն գործընթացում նոր «գնորդներ» է ներգրավում: 2010-ի սկիզբներին հայտնի է դառնում, որ մասնակիցները հաշվապահությունից «անհետացրել» են իրական գնորդների հաշվապահական գրանցումները, և ի հայտ են եկել նոր, անհայտ «գնորդներ»:
Սակայն դատարանում հերթական գործը ևս հաջողության չի հասել: Խուդյանը դիմել է դատարան` պաշտպանելու համար նախնական պայմանագրերով տարածքներ գնած անձանց, իր և ընկերության խախտված իրավունքները, սակայն ամենասկզբից էլ տեղեկացել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի վրա լուրջ ազդեցություն կա, և գործերն ընթանում են՝ ապօրինություններով իր դեմ ուղղվելով, որոնց վերաբերյալ լրատվական հրապարակումներ եղել են:
Հայտնի է, որ այս շենքում տարածքներ են «ձեռք բերել» բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ այդ տարածքների մեծ մասը անփող գործարքներ են: «Վլադ Մանգասարյանը սնանկության գործերով կողոպուտ կազմակերպելու հմուտ մասնագետ է: Ինքը սնանկ, իր ընկերությունները՝ սնանկ, բայց միլիոնավոր դոլարների հասնող գործարքներ է իրականացրել, և կառավարությունն ու հարկային մարմինները դա «չեն նկատել»,- ասում է դատարանում Խուդյանի գործերը ներկայացնող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և հավելում, որ սփյուռքահայ գործարարը մինչ օրս փորձում է համախմբել Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի, Էդուարդ Եսայանի գործողություններից տուժածներին` հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Ո՞ւր է հիմա մեր պետությունը, ուղիղ հարց եմ հղում: Այ, այսքան բաները, որ եղել են, խաբել են տարիներով, գումարներ վերցրել, լավ, մի իրավասու մարմին չի՞ եղել, հազար ձևի հսկողություն կա պայմանագրերին, հազար մարմինների»,- հարցնում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Իսկ ստեղծված իրավիճակում, փաստորեն, երբ քաղաքացին պետությունից է իր գումարները պահանջում, նրան ուղարկում են այն անձի մոտ, ում տվել է այդ գումարը, սակայն հետո էլ նույն պետության ներկայացուցիչները բարձր ամբիոններից հայտարարում են, թե պետությունը երաշխավոր է իր քաղաքացիների իրավունքներին: Սակայն մինչ օրս հենց մայրաքաղաքի կենտրոնում բարձիթողի վիճակից տուժած քաղաքացիների բողոքները ոչ մի լուրջ արձագանք չեն ստանում:












































