Պատասխանատվություն կրեք Ձեր ընթերցողի առջև, այլ ո՛չ դատական ատյանների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին նման խորհուրդ տվեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` ներկայացնելով հայցերից խուսափելու լավագույն տարբերակները:
Ըստ նրա` եթե լրագրողը դրսևորում է պատշաճ պրոֆեսիոնալիզմ, եթե նրա նպատակը ցավ պատճառելը չէ, այլ տեղեկություն հաղորդելը, ապա նա կգտնի այն ձևը, որով կկարողանա ամենասուր ասելիքը ասել այնպես, որ դատական հետևանքներ չլինեն:
«Պարզ է, որ դատական պրակտիկան էլ ունի տարբեր դրսևորումներ, և եթե դատարանը որոշի անպայման կատարել պատվեր և պատժել լրագրողին, նա կանի, բայց լրագրողը լավագույնս ապահովագրված կլինի այդ դատական հայցերից:
Երբ ես եմ գրում, սկզբում գտնում եմ ամենախարազանող ածականը կամ որակումը, տեքստը երկրորդ անգամ կարդալուց հետո այդ որակումը փոխարինում եմ ավելի մեղմով, երրորդ անգամ դարձնում եմ առավել մեղմ»,- նշեց Արամ Աբրահամյանը` հավելելով, որ նման մոտեցումից նյութի բովանդակությունը մնում է նույնը, միայն ձևն է փոխվում, և այդ ձևն օգնում է լրագրողին պաշտպանվել:
Ա. Աբրահամյանը խորհուրդ չտվեց որևէ կերպ նահանջել լրագրողական ազատությունից:






































