Իսրայելը և Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումները համաձայնության են եկել դադարեցնել վերջին օրերին վերսկսված հակամարտությունը, որի զոհ է դարձել առվազն 25 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպոսի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին, որոնց միջնորդությամբ էլ կրակը դադարեցնելու համաձայնություն է ձեռք բերվել: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Եգիպտոսի հովանու ներքո ձեռք բերված համաձայնությունը նախատեսում է ամբողջությամբ դադարեցնել բոլոր գործողությունները, որ այս պահին վարում են հակամարտող կողմերը:
Ռազմական գործողությունները իսրայելա-պաղեստինյան սահմանին շարունակվում էին վերջին մի քանի օրերի ընթացքում: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ ուրբաթ՝ մարտի 9-ին, Իսրայելի բաց թողած հրթիռի հետևանքով Գազայի հատվածում մեքենա ոչնչացվեց, որում գտնվում էին իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման 2 անդամներ: Իսրայելի իշխանությունների պնդմամբ՝ նրանցից մեկը հարձակում էր նախապատրաստում Իսրայելի վրա:
Ի պատասխան՝ պաղեստինյան ուժերն Իսրայելի վրա արձակեցին մոտ 200 հրթիռ, որոնց մեծ մասը վնասազերծվեց Իսրայելի ՀՀՊ-ի կողմից:
Տարածաշրջանում լարված իրադարձության 4 օրերի ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Իսրայելի հարավում վիրավորվել է 5 մարդ:
Իսրայելը պնդում է, որ իր հարվածներն ուղղված են եղել զինվորականներին և ոչ թե խաղաղ բնակիչների դեմ:
Իսրայելի և Գազայի հատվածի միջև նոր բախումերը խիստ քննադատել են ՄԱԿ-ը, ԵՄ-ը և Եգիպտոսը:









































