ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի ճանաչում մարտի 10-ին Աբխազիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները.
«Ես կցանկանայի մեր մտավախությունները հայտնել Վրաստանի աբխազական շրջանում մարտի 10-ին տեղի ունեցած, այսպես կոչված՝ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ-ը դրանք չի ճանաչում որպես օրինական: Վաշինգտոնն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Մենք նաև Ռուսաստանին կոչ ենք անում կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Խոսքը նաև այն վայրերից ռուսական զորքերի դուրս բերման մասին է, որոնք գրավվել են օգոստոսյան պատերազմի ժամանակ, ինչպես նաև ազատորեն դեպի Աբխազիա ու Հարավային Օսիա հումանիտար օգնություն ուղարկելու հնարավորության ընձեռման մասին»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Աբխազիայի խորհրդարանական ընտրություններն ապօրինի էին ճանաչել Վրաստանի ԱԳՆ-ը և Վրաստանի գծով ԵԽԽՎ-ի զեկուցողները:









































