Բրիտանացի փորձագետ, լոնդոնի համալսարանին առընթեր կենսաբանական և քիմիական գիտությունների դպրոցի ավագ դասախոս Ռոն Քաթլերը զգուշացնում է, որ թղթադրամներում ավելի շատ մանրէներ կան, քան զուգարանակոնքում։ Այս մասին հաղորդում է TheWest.com.au-ն: Ընդհանուր առմամբ դոկտոր Քաթլերն ուսումնասիրել է 200 թղթադրամ և 45 կրեդիտային քարտ: Պարզվել է, որ թղթադրամների 26 %-ը և կրեդիտային քարտերի 47 %–ը բակտերիոլոգիական աղտոտվածության բարձր մակարդակ են ունեցել:
Եվ այսպես, հայտնաբերված բակտերիաների թվում են E.coli-ն և ոսկեգույն ստաֆիլոկոկ մանրէները:
Ավելի վաղ փորձագետները մանրէների բարձր մակարդակ հայտնաբերել էին գրասենյակային աշխատողների ստեղնաշարերում: Իսկ վերջերս էլ բժիշկների նշանառության տակ էին հայտնվել թղթե սրբիչները: Դրանցում հայտնաբերվել էր Bacillus cereus բակտերիան, որը աչքի, թոքերի, արյան և կենտրոնական նյարդային համակարգի վարակ է առաջացնում:










































