Արդեն մեկ ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում` գիտակցելով, որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի, մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքը ու սեփականությունը և այն չառևտրականացնել ու զավթել մեզնից: Մենք դադարեցրել ենք շինարարությունը և պահանջել ենք ապամոնտաժել այնտեղի շինությունները և բարեկարգել այգին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
«Այս պահին մեր պահանջը ապամոնտաժումն է: Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց որոշում կայացնելու համար, իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացույցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը և տոկունությունը տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ, 16 մարտի: Իսկ մինչ այդ, մենք այգին այլևս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ»,- նշված է բնապահպան ակտիվիստների հաղորդագրության մեջ:
Վերջիններս խնդրում են արձագանքել բոլոր նրանց, ովքեր ուզում են միանալ շուրջօրյա նստացույցին օրվա որևէ ժամի կամ գիշերը:
«Կարող եք նաև աջակցել նստացույցի մասնակիցներին ձմեռային վրաններով, գետնի սառնությունը պահող կարիմատներով, քնապարկերով, ծածկոցներով, վառարաններով, գրելկաներով, սննդով, մեղրով, դոշաբով, տաք թեյով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բնապահպանները կոչ են անում մոբիլիզացնել, միավորել ուժերը հանուն արդարության և օրինականության վերականգնման համար մղվող պայքարը հաղթական ավարտելու համար:









































