Այս տարի մարտի 1-ին ավարտվեց ՀՀ կառավարության նախաձեռնած «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավը, որը մշակվել և իրականացվել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ արշավի առաջին փուլը վերաբերել է հանրային կառավարման ոլորտում իրականացված ավելի քան 25 բարեփոխումների. «Ամբողջ փետրվարին ստացել ենք 10-11 հազար զանգ, որոնցից միայն մոտ 33-ն էին բողոքներ»:
Նա նշեց, որ Facebook սոցիալական ցանցում արշավի կայք են այցելել 4 հազար մարդ: Դ. Սարգսյանի խոսքով՝ քանի որ հարցեր դեռ շատ կան, որոշվել է արշավի երկրորդ փուլ սկսել:
«Ամերիա» խորհրդատվական ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը դրական գնահատեց սոցցանցում սկսված արշավը: Նա հայտնեց, որ թեժ գիծ ստացված զանգերի 24.5%-ը կապված էր անշարժ գույքի ոլորտում բարեփոխումների, 16.5%-ը` վարորդական վկայականների հետ, իսկ երրորդ տեղում ավտոմեքենաների տեխզննման հետ կապված զանգերն էին:
Ըստ Տ. Ջրբաշյանի` երկրորդ փուլում շարունակվելու է ռադիո և հեռուստագովազդը, անցկացվելու է թրեյնինգ էլեկտրոնային կառավարման ներդրման և բիզնեսի արդյունավետության վերաբերյալ, ավելանալու են նաև մի քանի ոլորտներ` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ջրամատակարարում:
«Հասարակության կողմից ձևավորվում է որոշակի պահանջարկ»,- ասաց Տ. Ջրբաշյանը` նշելով, որ դա թույլ կտա, որպեսզի բարեփոխումները թղթի վրա չմնան:
Դ. Սարգսյանը տեղեկացրեց, որ իրազեկման արշավի առաջին փուլի համար ծախսվել է մոտ 100 հազար դոլար դրամաշնորհ, իսկ երկրորդ փուլի համար կրկնակի քիչ գումար է հատկացվելու:








































