«Ես չեմ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Պատճառն այն չէ, որ վախենում եմ չհաղթել, պարզապես 2011 թվականին ես ընտրվել եմ կրթահամալիրի տնօրեն և զբաղվում եմ ակտիվ կրթական քաղաքականությամբ»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Աշոտ Բլեյանը:
Նա նշեց, որ եթե չլիներ 1 միլիոն դրամի սահմանափակումը, հնարավոր է՝ ինքը մեծամասնականով առաջադրվեր: «Ովքեր ունեն լայն շրջապատ, խորհուրդ եմ տալիս մասնակցել, կյանք հաղորդել քաղաքական գործընթացներին և չվախենալ իրենց մրցակիցներից»:
Ըստ Բլեյանի՝ ՀԱԿ-ը մեծ հնարավորություն ունի խորհրդարան անցնելու. «Ես ինքս ցանկանում եմ, որ ՀԱԿ-ը մտնի խորհրդարան»։
Խոսելով արդար ընտրությունների մասին՝ նա ասաց, որ արդար ընտրությունների անցկացման մի ճանապարհ կա միայն. ընտրությունը հասարակ մարդու մոտ պետք է կասկած չհարուցի։
«Դժգոհություններ, բողոքներ միշտ էլ կլինեն՝ խնդիրը դա չէ։ Շատ կարևոր է, թե ընտրողի ազգային գիտակցության մեջ ինչ է նստած: Ընտրողի մոտ ընտրությունը պետք է կասկած չհարուցի, մենք պետք է օգնենք հայաստանցուն, որպեսզի նա կարողանա վստահ հանդես գալ»: Նրա խոսքերով՝ միասին պայքարելու դեպքում ինչ-որ բանի կհասնենք:
Որպես ամփոփում՝ Բլեյանը հավելեց, որ ամենայն հավանականությամբ ինքը կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին. «Այս փուլում, որպես ԱԺ պատգամավոր, չեմ առաջադրվի, որպես նախագահ՝ հնարավոր է։ Սա չի նշանակում, թե ես դրսևորում եմ քաղաքական պասիվություն. ավելի ակտիվ, քան հիմա եմ, երբևէ չեմ եղել»:









































