ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի տեղակալը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդի անդամներին` կոչ անելով դատապարտել Գազայի կողմից Իսրայելի դեմ իրականացվող հրթիռային հարձակումները և անել ամեն ինչ` դրանք դադարեցնելու համար, քանի որ այդ գրոհները դառնում են իսրայելցի քաղաքացիների մահվան պատճառ և խախտում են միջազգային օրենքը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ` Հայմ Ուաքսմանն ասել է, որ իրենք նամակ էին ուղարկել ՄԱԿ-ին դեռևս մի քանի օր առաջ` զգուշացնելով միջազգային հանրության անգործության վտանգների մասին:
Նա ավելացրել է, որ իրենք զգուշացրել էին ԱԽ-ին, որ այսպիսի հարձակումները շատ վատ կանդրադառնան ընդհանուր հակամարտության, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի վրա: Ուաքսմանն ասել է, որ վերջին երկու օրերի իրադարձությունները ապացուցել են միջազգային հանրության և մասնավորապես Անվտանգության խորհրդի լռության վտանգը:








































