Ինչպես տեղեկացում Agence France-Presse-ը, Ճապոնիայում, տեղական ժամանակով 14:46-ին, մեկ րոպե լռությամբ հարգել են երկրաշարժի և դրան հաջորդող ցունամիի զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայում 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ, որին հաջորդեց ցունամի: Աղետի զոհ դարձան ավելի քան 19 հազար մարդ, իսկ Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ի վթարի պատճառով 160 հազար մարդ ստիպված լքեցին իրենց տները:
Սգո արարողություններ են տեղի ունենում երկրի ամբողջ տարածքում: Տոկիոյում` Ազգային թատրոնում, երկրի վարչապետ Յոսիխիկո Նոդան և կայսր Ակիհիտոն լուռ աղոթք են անցկացրել: Օկումա մարզ են վերադարձել տեղի բնակիչները` հարազատների հիշատակը հարգելու համար: Նրանք պաշտպանիչ պիջակներ հագած՝ ծաղիկներ են դրել ինքնաշեն զոհասեղանի վրա:
Ֆուկուսիմայի մերձակայքում գտնվող Կորիամա քաղաքում կուսակրոնները խփելով թմբուկներին՝ աղոթում էին, իսկ նրանցից ոչ հեռու բողոքի ակցիա էր ընթանում՝ ընդդեմ ատոմային էներգիայի: Ակցիային մասնակցել է մոտ 20 հազար մարդ, այդ թվում՝ երկրաշարժից տուժած մարդիկ, ովքեր ստիպված էին լքել Ֆուկուսիմայի մերձակայքում տեղակայված իրենց տները:
Ճապոնական հեռուստաալիքներով ցուցադրում են հաղորդումներ` նվիրված աղետի առաջին տարելիցին:







































