«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվելիք խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ իրավապահների ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես նախկին զինվորական կուսակցականները` նախկին ազատամարտիկները և կադրային նախկին զինվորականները, ովքեր այս կամ այն կուսակցության համակիրներ են: Մեր աղբյուրի փոխանցմամբ` հենց այդ տրամաբանության մեջ էլ փետրվարի 29-ին Նոր Նորքի հանրակացարաններին հարակից կաթսայատան կցակառույցում մեծ քանակությամբ զինամթերք էր հայտնաբերվել: Ապօրինի զենք–զինամթերք պահելու փաստով քրգործ էր հարուցվել, իսկ օրեր անց այն ոստիկանությունից տեղափոխվել էր Ազգային անվտանգության վարույթ:
Հիշեցնենք, որ հայտնաբերված զենք-զինամթերքն ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել էր ՀՅԴ անդամ Արշավիր Կարապետյանը: Ըստ նախնական տեղեկությունների` հայտնաբերված ռազմամթերքը ձեռք է բերվել Արցախյան պատերազմի տարիներին և երկար տարիներ հողի տակ թաղված լինելուց հետո, կաթսայատուն է տեղափոխվել այն հայտնաբերելուց օրեր առաջ: Թե որն էր եղել զինամթերքը հողի տակից հանելու անհրաժեշտությունը` պարզ չէ, բայց որ այն կարող էր մի օր կրակել` բացառել չենք կարող: Համենայնդեպս, ձերբակալվածի կուսակցական ընկերներն ավելի վաղ պատասխանելով լրագրողների հարցերին` նշել էին, որ Արշավիր Կարապետյանն Արցախյան պատերազմի մասնակից է եղել, ուստի չի բացառվում, որ հենց պատերազմի դաշտից էլ զենքերը հասած լինեն Նոր Նորք համայնք:
2011 թ. սեպտեմբերի 25-ին էլ խուզարկություն էր կատարվել մայրաքաղաքի Կենտրոն համայնքի բնակիչ Աշոտ Բ. Մարտիրոսյանի բնակարանում և կրկին մեծ քանակությամբ զենք–զինամթերք էր հայտնաբերվել: Ըստ քրեական գործի նյութերի` նա ևս 1990-ական թվականների սկզբներին ապօրինի կերպով ձեռք էր բերել և մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իր տանը ապօրինաբար պահել ակոսափող հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի, գործարանային արտադրության, ռազմամթերք հանդիսացող մարտական 259 հատ 7.62 մմ տրամաչափի, 7 հատ 9 մմ տրամաչափի 9×17 ատրճանակային և 5 հատ 7.62 մմ տրամաչափի 1943 թ. նմուշի փամփուշտներ, իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող, նրան պատկանող առանձնատանն ապօրինի կերպով պահել էր ակոսափող հրազեն հանդիսացող 7.62 մմ տրամաչափի 1973 թ. գործարանային արտադրության ինքնաձիգ, հրազեն հանդիսացող 5.6 մմ տրամաչափի, գործարանային արտադրության «ՏՕԶ-7» տեսակի հրացան, ռազմամթերք հանդիսացող 297 հատ 7.62 մմ տրամաչափի 1943 թ. նմուշի, 3 հատ 5.45 մմ տրամաչափի 1974 թ. նմուշի փամփուշտ և գործարանային արտադրության «ՌԿԳ-3ԵՄ» տեսակի հակատանկային նռնակի դետոնատոր:
Իհարկե, 65-ամյա Աշոտ Մարտիրոսյանն ունեցել է զենք կրելու, պահելու թույլտվություն, բայց գրեթե անհնար է, որ այդ թույլտվության իրավունքը տարածվի այդ չափի և այդ տեսակի զենք-զինամթերքի վրա: Ընդ որում, և ի տարբերություն նախորդ դեպքի` քրեական գործից երևում է, որ նրան ոչ թե ռազմամթերք պահելու համար է մեղադրանք առաջադրվել, այլ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու համար` առանց իրացնելու նպատակի (Քր. օրի 268 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետ), որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Նույնիսկ այս երկու գործերի համադրությունից է երևում, որ Աշոտ Մարտիրոսյանին (ով հայտնի չէ` պատերազմի մասնակից եղել է, թե` ոչ) խնայել են` ռազմամթերքի մասով մեղադրանք առաջադրելու հարցում, քանի որ նա կուսակցական պատկանելություն չի ունեցել, իսկ Արշավիր Կարապետյանն ունի:











































