Կանայք գնացել էին Հիսուսի մարմինը անուշաբույր յուղերով օծելու, սակայն տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ դատարկ: Երևացին երկու հրեշտակներ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»: Քրիստոսի Հարության տոնը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է, կոչվում է նաև Զատիկ, որ նշանակում է զատում, բաժանում, հեռացում՝ մեղքերից և վերադարձ դեպի Աստված:
Զատկին նախորդում է Մեծ Պահքի շրջանը, որ այս տարի սկսվեց փետրվարի 20-ից: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը, որ Հիսուս արեց մեր փրկության համար: Որպեսզի պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ ու իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության:
Մեզանում պահեցողություն անողներ կան, որ այդ շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Դժվար է ասել, թե նրանցից քանիսն է այդ ընթացքում հրաժարվում մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Բայց պարզ է՝ մեզանում պահեցողությունը երկու դրսևորում ունի՝ ծոմ և դիետա: Իսկ առանց մեղքից հետ կանգնելու` կերակրից հրաժարվելու մասին Սբ.Գրիգոր Տաթևացին ասել է. «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում»: Այնպես որ, դիետան չէ, որ մեղքը քավում է: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքն են հիմնական պայմանները Աստծո բուժիչ, քավիչ զորությունն ստանալու, մեղքից զատվելու, բաժանվելու, հեռանալու: Այս պահեցողությամբ է, որ կարող ենք խնդրել, հուսալ, որ այս պահքին՝ մինչև Սուրբ Զատիկ, ճշմարիտ հայրենասիրությունից զատվի ազգայինի նեղ-պրիմիտիվ ընկալումը՝ ձևական ու նյութականացված՝ ատելություն դեպի թշնամին, քծնանք դեպի դաշնակիցը:
Հայրենասիրությունից բաժանվի վերացական տիեզերամոլությունը:
Հայրենասիրությունը, որ չի կառուցվում սիրո և ինքնաճանաչման վրա:
Հեռանա վախը սեփական արդար պատերազմից: Եվ սեփական ազատամտությամբ հպարտանալը, որ գերստրկամտություն է:
Փրկի սեփական ազգի պատմական հարցի պատասխանը մուրացող «ազգայիններից», որ պատասխանատվությունից խուսափելը քողարկել են` «Մենք հավատում ենք ձեզ, երիտասարդներ» կոչով: Եվ նրանց կտակից՝ տկարություն ու բարդույթ:
Մենք այս փրկության կարիքը ունենք առավել քան հիմա: Քանի որ երբեք այսքան մոտ չենք եղել փրկության դռանը և այսքան մոտ՝ կործանարար փոսին:







































