Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը վստահորեն կառավարում է երկիրը, չնայած մեկ տարի շարունակվող հակամարտությանը: The Washington Post թերթին տված հարցազրույցում գաղտնի մնալու պայմանով հայտնել են ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները:
«Ասադը շատ լավ վերահսկում է իրավիճակը»,- ասել են նրանք:
Թերթի աղբյուրները նշել են, որ չնայած Սիրիայում անկայուն վիճակն արդեն մեկ տարի է շարունակվում է, Ասադի շրջապատը մնացել է անփոփոխ: Առայժմ շատ քիչ բան է վկայում այն մասին, որ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները պատրաստվում են հեռանալ Ասադից:
Բացի այդ, Ասադը գնալով ավելի ակտիվորեն է սկսում իր զինված ուժերն օգտագործել ընդդիմության դեմ պայքարում: Նախագահի շրջապատում համոզված են, որ երկրում ընդդիմության շարժումներին աջակցում են իշխող վարչակարգի արտաքին թշնամիները:
Ավելին՝ Սիրիայի բանակը լավ զինված է և պատրաստ է դիմադրել ցանկացած տեսակի հարձակումների՝ բացառությամբ լայնածավալ ռազմական միջամտության:
Հետախուզության աշխատակիցների խոսքերով՝ սիրիական բանակն ունի 330 հազար զինվոր, որը զգալի ռազմական ուժ է համարվում, իսկ Իրանը վերջին շրջանում ավելացրել է զենքի և զինամթերքի մատակարարումը Սիրիա: Նրանք նշել են, որ այժմ Սիրիայում զինծառայողների թիվը 4 անգամ, իսկ հակաօդային հրթիռների թիվը 5 անգամ ավելի է, քան Լիբիայում, ինչը կարող է լրացուցիչ դժվարություններ ստեղծել ԱՄՆ-ի և մյուս երկրների համար Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու դեպքում:
«Իշխանությունները պատրաստ են պայքարել ամբողջ ուժով: Երկարատև հեռանկարում իրադրությունը կդասավորվի ոչ հօգուտ նրանց, բայց նրանք տրամադրված են ամբողջ ուժերով մարտնչել»,- ասել են նրանք:
Բացի այդ, նրանց կարծիքով՝ Սիրիայի ընդդիմության ուժերը վատ են կազմակերպված և չունեն հմուտ ղեկավար: Կառավարական ուժերից հեռացած զինվորները համաձայնեցված չեն գործում, այդ պատճառով էլ նրանց գործողություններն արդյունք չեն տալիս:










































