Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը ուրբաթ օրը հայտարարել է, որ իր կազմակերպությանը խորհուրդ է տվել 28 մլրդ եվրոյի վարկ տրամադրել Հունաստանին` օգնության երկրորդ փաթեթի շրջանակներում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հավելելով, որ գումարը կտրամադրվի առաջիկա 4 տարիների ընթացքում:
Գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն` այս գումարը ավելին է, քան նախկինում էր ծրագրված հատկացնել Հունաստանին: Նման քայլը բացատրվում է նրանով, որ հունական կառավարությանը հաջողվեց լեզու գտնել մասնավոր վարկատու կազմակերպությունների և ներդրողների հետ պարտքի վերակառուցման հարցում, ինչը թույլ կտա կրճատել պետական պարտքը 107 մլրդ եվրոյով:
Հիշեցնենք, որ Հունաստանին օգնության երկրորդ փաթեթի տրամադրումը համաձայնեցվել էր 2012թ. փետրվարի 15-ին. Եվրամիության երկրները տրամադրելու են 130 մլրդ եվրո:











































