Այսօր Ռուսաստանի մի քանի քաղաքներում տեղի կունենան բողոքի ակցիաներ՝ «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ, այդուհանդերձ, շատ քաղաքներում իշխանությունները չեն արտոնել նման հանրահավաքների անցկացումը:
Սանկտ Պետերբուրգում կազմակերպիչներին մերժել են երթ անցկացնել Նևսկի պողոտայով: Ընդդիմության ակտիվիստները, սակայն, պատրաստվում են չշեղվել նախկինում մշակված ծրագրերից: Հզոր հանրահավաք է նախատեսվում Մոսկվայում, որտեղ տարբեր հաշվարկներով՝ կհավաքվի մինչև 50 հազար մարդ:
Չարտոնված ցույցեր են նախատեսվում Ուֆայում, Եկատերինբուրգում, Նիժնի Նովգորոդում:
Արդար ընտրությունների պահանջ ներկայացնողներին կմիանան նաև արտերկրում ապրող ռուսաստանցիները. ակցիա տեղի կունենա, մասնավորապես, Նյու Յորքի «Թայմս սքվերում»:







































