Guerlain պարֆյումերային տան 75-ամյա հիմնադրի Ժան Պոլ Գերլենի դեմ երկաթուղային ընկերության երեք աշխատակիցներ բողոք են ներկայացրել դատարան՝ ռասիստական բնույթի արտահայտությունների համար: Այս մասին հաղորդում է France Info պարբերականը՝ հիշեցնելով, որ Գերլենի դեմ այժմ ևս մեկ այդպիսի դատավարություն է տարվում:
Այս անգամ անդամալույծի սայլակով գնացքին մոտեցող Գերլընին թույլ չեն տվել մտնել վագոն, որից հետո նա սկսել է բացասական արտահայտություններ ուղղել ոչ միայն երկաթուղային ընկերության, այլև երկիր տեղափոխվող ներգաղթյալների հասցեն:
«Ֆրանսիան դարձել է աղբակույտ, որը մատակարարում են միայն ներգաղթյալները»,- բղավել է 75-ամյա Գերլենը:
Eurostar երկաթուղային ընկերության աշխատակիցների մեջ եղել են երկու սևամորթ և մեկ ասիական ծագմամբ տղամարդ, որոնք էլ դատի են տվել նրան վիրավորական արտահայտությունների համար:
«Մենք Ֆրանիսայի նույնպիսի քաղաքացիներ ենք, ինչպես այս պարոնը»,- հայտարարել են նրանք:
Փետրվարի սկզբին Փարիզի դատարանում սկսվել է Գերլենի դեմ դատավարությունը, որը մեղադրվում է ռասիստական արտահայտությունների համար: Նրան սպասվում է 6 ամսվա ազատազրկում և 22.5 հազար եվրո տուգանք: Հակառասիստական կազմակերպություններին զայրացրել էր 2010 թ. հեռուստատեսությամբ արված նրա հետևյալ արտահայտությույնը. «Այդ ժամանակ ես սկսեցի աշխատել նեգրի պես: Չգիտեմ՝ արդյո՞ք միշտ են նեգրերն այդպես աշխատում»:









































