Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել է, որ ձախողվել է ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձևերի ընդունմանն ուղղված ամերիկյան քաղաքականությունը:
Սոլթանիեն հավելել է, որ մի շարք երկրներ քայլեր են ձեռնարկել Իրանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության ու փոխըմբռնման մեծացման ուղղությամբ, ինչը վկայում է ամերիկյան դիվանագիտության մասին. «ԱՄՆ-ը երկու ամիս շարունակ ջանքեր է գործադրում, որ ԱԷՄԳ-ի ղեկավար խորհրդի կողմից հակաիրանաան բանաձևեր ընդունվեն, սակայն իրանական կողմը ձեռնարկում է ակտիվ դիվանագիտական գործողություններ՝ ուղղված ԱԷՄԳ-ի հետ համագործակցության ու փոխըմբռնման շարունակմանը»:
Սոլթանիեն նաև իրանական ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Չմիավորման շարժման» անդամ երկրներին ցուցաբերած աջակցության համար:
Հիշեցնենք, որ «Չմիավորման շարժում» կազմակերպությունը ստեղծվել է 1961 թվականին Բելգրադում: Դրա ստեղծման հիմնական նպատակն այն երկրների միավորումն էր, որոնք չէին ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան բլոկին: Այն ուներ 118 անդամ, սակայն նախորդ տարվա մայիսի վերջին Ադրբեջանի և Ֆիջիի անդամակցության արդյունքում այդ թիվը հասավ 120-ի:








































