Նիգերիայում գերի վերցված բրիտանացին և իտալացին զոհվել են փրկարարական գործողության իրականացման ժամանակ,- հաղորդում է Reuters։
Հարձակումը, որն իրականացրել էին բրիտանական ստորաբաժանումները տեղի ռազմական ուժերի հետ համատեղ, լիազորված էր Բրիտանիայի կառավարության կողմից այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել պատանդների գտնվելու վայրը,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։
Բրիտանացի զինվորականներն առաջինն էին հասել դեպքի վայր և հասցրել էին վնասազերծել ահաբեկիչներից մեկին, սակայն այդ ժամանակ պատանդներն արդեն ողջ չէին։
Դ. Քեմերոնը իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հատուկ շնորհակալություն՝ Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանին պատանդներին գտնելու գործում օգնություն ցուցաբերելու և ահաբեկչության դեմ պայքարում ներդրած ջանքերի համար։
Իսկ Գ. Ջոնաթանն իր հերթին հայտարարել է, որ հարձակումից հետո ողջ մնացած ահաբեկիչները կդատապարտվեն օրենքի ողջ խստությամբ։
Բրիտանացի Քրիս Մաքմանուսը և իտալացի Ֆրանկո Լամոլինարան պատանդ էին վերցվել 2011 թ. մայիսին Նիգերիայի հյուսիսում։
Երկուսն էլ ինժեներներ էին և ներգրաված էին Նիգերիայի Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի շինարարական աշխատանքներում։











































