Բարձրաստիճան ամերիկացի պաշտոնաթող գեներալ Ուեսլի Քլարքսը հայտարարել է, որ չպետք է շտապել Սիրիայում արտաքին միջամտության հարցում, քանի որ դեռ պարզ չէ՝ վերջնական արդյունքը որքանով կծառայի ամերիկացիների շահերին: Այս մասին նա ասել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում առաջացան ուժեղ իսլամիստական հոսանքներ, չնայած «Արաբական գարնան» ապստամբությունների սկզբում հեղափոխությունները ժողովրդավարական էին և արևմտամետ: Այդ երկրների ապագա կողմնորոշվածությունը, թերևս, պակաս օգտակար է ԱՄՆ նպատակների և տարածաշրջանային քաղաքականության համար, քան անցյալում էր»,- Կոսովոյում ասել է ՆԱՏՕ-ի զորքերի նախկին հրամանատարը:
Նա հիշեցրել է Իրաքի օրինակը, երբ ԱՄՆ-ն լքում է այն` տալով 5 հազար զոհ և ծախսելով մեկ տրիլիոն դոլար: Չնայած այդ ամենին՝ Իրաքը մնում է կրոնական հողի վրա կատարվող բռնությունների և հակամարտության թատերաբեմ: Սիրիայի հարցում նա կոչ է անում մի շարք հարցերի պատասխաններն ունենալուց հետո միայն դիմել ռազմական գործողությունների:
Նա զգուշացրել է, որ Լիբիայից անհամեմատ կարևոր համարվող Սիրիայում, հնարավոր է, լուրջ դիմադրություն լինի զինված ուժերի կողմից, որոնք շարունակում են աջակցել Ասադի ռեժիմը:
«Սիրիան պակաս հասանելի է ռազմական տեսակետից, քան Լիբիան, և նրա բնակչությունը երեք անգամ ավելի մեծ է` 22 միլիոն մարդ, այդ թվում` 2 միլիոն քրիստոնյա»,- ասել է Քլարքսը:
«Ակնհայտ է, որ ռեժիմին դիմադրող ուժերի մեջ կան որոշ ծայրահեղական սուննիական կազմակերպությունների գրոհայիններ, միգուցե` «Ալ-Քաիդայի», ինչպես նաև նրանք, ում իշխանության գալը հավանաբար կհանգեցնի այդ երկրից միլիոնավոր քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների արտահոսքի ճգնաժամին»,- ասել է պաշտոնաթող գեներալը:











































