Այսօր հրապարակված հարցումների արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության նախագահական թեկնածու Ֆրանսուա Հոլանդը կրկին առաջ է անցել ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզիից: Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու ապրիլին:
The Wall Street Journal-ը հաղորդում է, որ հարցումներն անցկացվել են OpinionWay-Fiducial-ի կողմից՝ մարտի 5-ին և 7-ին: Հարցումների տվյալները ցույց են տալիս, որ ընտրողների 29 տոկոսը նախընտրել է նախագահի պաշտոնում տեսնել Հոլանդին, իսկ 26 տոկոսը՝ Սարկոզիին: Հոլանդի տվյալներն անփոփոխ են, մինչդեռ Սարկոզին նախորդ հարցումների տվյալների համեմատությամբ կորցրել է հավանական ձայների 1 տոկոսը:
Մյուս թեկնածուները հավաքել են առավել քիչ ձայներ:
Հարցումներին մասնակցել է 1221 մարդ: Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի ընտրություններում ապահովել ձայների 50 տոկոսը, ապա մայիսին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը, որում կմրցեն առաջատար երկու թեկնածուները։ Նման հավանականության պայմաններում ֆրանսիացիների 56 տոկոսն ասել է, որ կքվեարկի Հոլանդի օգտին, իսկ 44-ը՝ Սարկոզիի օգտին:









































