«Ի տարբերություն տղամարդկանց կանայք ավելի հաճախ են հայտնվում դեպրեսիվ վիճակներում»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Ըստ նրա՝ հայ կանայք առանց որևէ լուրջ պատճառի հաճախ են տագնապի, ներքին անհանգստության զգացում ունենում։ Կարծես անընդհատ ինչ-որ վատ բանի են սպասում. «Կանայք ավելի հեշտ են դիմում հոգեբանի։ Պատճառն այն է, որ չեն ամաչում ինչ-որ դժվարություն միայնակ հաղթահարել չկարողանալուց։ Իսկ տղամարդիկ ծայրահեղ դեպքում են դիմում հոգեբանի»։
Եթե հոգեբանական օգնությունը պրոֆեսիոնալ և գրագետ ձևով է մատուցվում, ապա 80 տոկոսով այն կարող է արդյունավետ լինել. «Կան դեպքեր, երբ մարդ դիմում է հոգեբանական ծառայության, բայց իրականում ունի դեղամիջոցային օգնության կարիք։ Լինում է նաև հակառակը։ Այս հարցում շատ կարևոր է ճիշտ կողմնորոշվելը և ճիշտ պատկերացնելը, թե ինչ վիճակում է հիվանդը, քանի որ կան խորը հոգեբանական վիճակներ, երբ հոգեբանը պարզապես անզոր է»։
Նա նշեց, որ յուրաքանչյուր կնոջ համար հոգեկան ապահովվածության զգացումը ամենակարևորն է. «Չկան անհաղթահարելի խնդիրներ։ Կանայք պետք է ապրեն վստահության մթնոլորտում, սիրեն և լինեն սիրված, քանի որ նման դեպքերում, եթե մարդ ունենում է ինչ-ինչ ներքին դժվարություններ, ապա ինքնուրույն՝ առանց հոգեբանի օգնության կարող է դուրս գալ այդ վիճակից»։












































