Վերջին ժամանակներս Սիրիայում տեղի ունեցած մի քանի իրադարձությունները փոխել են այդ երկրում առկա իրավիճակը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Սուրեն Մանուկյանը:
«Առաջինը Հոմսի անկումն էր: Հիմա արդեն պարզ է, որ այնտեղ Բենղազիի երկրորդ տարբերակն էր պատրաստվում, այսինքն՝ պատրաստվում էր պլացդարմ, որտեղից հնարավոր կլիներ ընդլայնել Բաշար Ալ-Ասադին ընդդիմադիր ուժերի գործողությունները և տարածել ամբողջ երկրում: Բայց քանի որ սա չհաջողվեց, և սիրիական բանակը վերցրեց Բենղազին, իրավիճակը, բնականաբար, փոխվեց: Երկրորդ կարևոր իրադարձությունը սիրիական Սահմանադրության ընդունումն էր: Որքանով ես եմ դրան ծանոթ, այն շարունակական գործընթացի սկիզբ է դնում: Այնտեղ կա մի կետ, որի համաձայն՝ 90 օրվա ընթացքում երկրում պետք է համապետական ընտրություններ անցկացվեն: Քանի որ համապետական ընտրություններ են անցկացվելու, նշանակում է, որ իշխանությունները որոշակիորեն կատարում են միջազգային հանրության ներկայացրած պահանջները: Այսպես, թե այնպես, Սիրիայում բազմակուսակցական համակարգ է ստեղծվելու: Այս երկու դեպքն, իհարկե, որոշակիորեն փոխել են Սիրիայի իրավիճակը»,- ասաց արևելագետը:
Հարցին՝ համակարծի՞ք է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի այն հայտարարությանը, որ Սիրիայում այժմ քաղաքացիական պատերազմի բոլոր հնարավորությունները կան, և դրսից ուղղակի միջամտությունը այս պայմաններում ոչ միայն չի կասեցնի այն, այլ կարող է իրավիճակն էլ ավելի վատթարացնել, Սուրեն Մանուկյանն ասաց. «Քաղաքացիական պատերազմ արդեն իսկ կա, գնահատականը նույնիսկ ուշացած է»:
Նշենք, որ չորեքշաբթի երեկոյան Սիրիա է ժամանել ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսը: Նա այդ երկրում մնալու է մինչև շաբաթվա վերջ և փորձելու է իշխանություններին համոզել միջազգային կազմակերպություններին անվտանգ միջանցքներ տրամադրել` մարդասիրական օգնություն հասցնելու, վիրավորներին տեղափոխելու և խաղաղ բնակիչներին տարհանելու համար:
Երեկ Սիրիայի խնդրին է անդրադարձել նաև Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան։ Ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի հանձնաժողովում` նա հայտարարել է, որ Սիրիայի դեպքում միջամտությունը կարող է հակառակ արդյունք ունենալ:










































