Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել: Ինչպես հայտնի է, մինչև Ֆրանսիայի նախագահի նստավայր հասած և Սարկոզիի ստորագրությանը մնացած օրինագիծը կանխվեց Սահմանադրական խորհրդում, որը հայտարարեց, որ այդ օրինագիծը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանը:
Այժմ Սարկոզին հայկական համայնքին խոստանում է նոր օրինագիծ ներկայացնել: Ի՞նչ արժե նրա այդ խոստումը: Հավասարապես արժե այնքան, որքան որ արժեր մինչև Սահմանադրական խորհուրդ հասած նախաձեռնությունը: Այսինքն՝ այդ նոր նախաձեռնությունն էլ կարող է ընդամենը արժանանալ նախորդի ճակատագրին, եթե, իհարկե, Սարկոզին գիտի մի բան, ինչը չգիտենք մենք, և այդ բանը երաշխիք է, որ հաջորդ անգամ Սահմանադրական խորհուրդը կընդունի օրինագծի սահմանադրականությունը:
Իրականում, սակայն, այս իրավիճակն արդեն զավեշտ է հիշեցնում, ոչ թե լուրջ քաղաքական գործընթաց: Բանն այն է, որ Ֆրանսիայի գործող և վերընտրվել փորձող նախագահը ըստ էության արդեն պարզապես փորձում է հայկական համայնքի ձայները շահելու պարզունակ խաղ խաղալ՝ Թուրքիայի հետ լուրջ մի խաղ խաղալուց և անհրաժեշտ դիվիդենդներ քաղելուց հետո: Այստեղ, իհարկե, էական է դառնում հայկական համայնքի կեցվածքը: Հայկական համայնքը պետք է Ֆրանսիայի նախագահին հստակ և պարզ բացատրի, որ ցեղասպանության օրինագծեր ընդունել-չընդունելը արդեն հայության համար այս կամ այն գործչի հանդեպ վերաբերմունքի չափանիշ չէ: Ֆրանսահայ և ընդհանրապես՝ ցանկացած այլ երկրի ազդեցիկ հայ համայնքի խնդիրը պետք է լինի ոչ թե լինել, այսպես ասած, բարի լուրի կամ ողորմածության սպասող շահառու, այլ պարզապես որդեգրել այնպիսի կեցվածք, երբ տվյալ պետության քաղաքական դասի համար պարզ կլինի, որ հայերը ունեն չխաղարկվելու բավականաչափ իմաստնություն և հեռատեսություն, ու մի կողմից՝ ներկայացնում են հայկական հարցի հանդեպ, այսպես ասած, հայամետ կեցվածք, մյուս կողմից՝ դրանով չէ, որ պայմանավորում են իրենց կեցվածքը քաղաքական տվյալ ուժի հանդեպ:
Ի վերջո, հայկական համայնքում անհրաժեշտ է մշակել տվյալ երկրի քաղաքական կյանքին և հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցության նոր չափորոշիչներ, որոնք թույլ կտան հայկական համայնքը դարձնել գործընթացի սուբյեկտ, ոչ թե խնդրատու, երբ կամ փառաբանվում է ինչ-որ նախաձեռնություն իրականացնողը, կամ հետո հայերը պահանջում են խոստանալ, որ կկրկնեն նորից: Եվ այդ իմաստով շատ էական է, որ օրինակ՝ Սարկոզիի հերթական խոստումից հետո հայկական համայնքը նրան շատ պարզ ասի՝ պարոն նախագահ, այն, ինչ Դուք նախաձեռնում եք, Ֆրանսիային է պետք, ամբողջ Ֆրանսիային, ոչ թե այդ երկրի միայն հայ բնակչությանը: Դուք արդեն նախաձեռնության այնքան բարձր նշաձող եք սահմանել, որ սեղանին արդեն Ֆրանսիայի արժանապատվության խնդիրն է, ոչ թե հայերի հոգեկան կամ բարոյական բավարարվածության: Հետևաբար մեզ պետք չէ ոչինչ խոստանալ, որովհետև այդ բանն անելու դեպքում Դուք արդեն ոչ թե մեզ եք խաբում, այլ ինքներդ ձեզ: Ընդ որում, դա թերևս կարող է որոշակիորեն օրինակելի ձև լինել նաև հայկական մյուս բոլոր ազդեցիկ համայնքների համար:
Լուսանկարում` Երկրորդ աշխարհամարտի մասնակից Արսեն Շաքարյանը ելույթ է ունենում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից Պատվո լեգիոնի սպայի շքանշանով պարգևատրվելուց հետո: Փարիզ, 2012թ. մարտ 7:
Լուսանկարը` Getty Images-ի







































