Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձինք երեկ սպառնացել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից, լրագրող Հաջիջա Իսմայիլովային: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Իսմայիլովան:
Նրա խոսքերով՝ երեկ իր տնային հասցեով նամակ է ստացվել, որը լի է եղել ինտիմ լուսանկարներով ու սպառնալիքներով: Նամակում մասնավորապես նշված է, որ եթե նա իրեն լավ չդրսևորի, ապա իրենք խայտառակ կանեն նրան:
Իսմայիլովան հայտարարել է, որ իր համար անակնկալ չի եղել այդպիսի շանտաժը, քանի որ իր լրագրողական գործունեությունը վաղուց անհանգստացնում է կառավարությանը: Նա հիշեցրել է, որ երկար ժամանակ է, ինչ իրականացնում է լրագրողական հետաքննություն նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գաղտնի բիզնեսի շուրջ՝ վեր հանելով ամենաբարձր մակարդակի կոռուպցիոն փաստեր:
Իշխանամետ ԶԼՄ-ները բավական շատ զրպարտումներ են հրապարակում Իսմայիլովայի մասին՝ նրան մեղադրելով հայերի հետ ազգակցական կապեր ունենալու և օտար հետախուզության հետ համագործակցելու մեջ: Իսմայիլովան ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ նման մեթոդներով փորձում են ճնշումներ բանեցնել նաև այլ լրագրողների ու հասարակական գործիչների վրա՝ նրանց լռեցնելու նպատակով:
Իսմայիլովային շանտաժի ենթարկելու կապակցությամբ «Ազատություն ռադիոկայան/Ազատ Եվրոպա» կորպորացիան հանդես է եկել հայտարարությամբ: Կորպորացիայի նախագահ Սիթվեն Կորնն այդ միջադեպը գնահատել է որպես կեղտոտ շանտաժի փորձ քաղաքակիրթ հասարակությունում՝ ընդգծելով, որ իրենք հպարտանում են Հաջիջայով և ամբողջովին աջակցում են նրա գործունեությանը:











































