Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում գտնվող Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) փորձագետները եկել են այն եզրակացության, որ միջուկային զենքի ստեղծումն Իրանից կպահանջի 2-3 տարի:
Նրանք ընդգծում են, որ եթե Թեհրանն այսօր որոշի ձեռնամուխ լինել միջուկային զենքի ստեղծմանը, ապա նա դրան կհասնի 2014-2015 թվականներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միջուկային զենքի չտարածման կրթական կենտրոնի (NPEC) ներկայացուցիչ Գրեգ Ջոնսը հայտարարել էր, որ եթե Իրանն անհրաժեշտ ջանքեր գործադրի, ապա ատոմային ռումբի ստեղծումը նրանից կպահանջի 2-6 ամիս։
Մինչդեռ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ղեկավար, բրիտանացի փորձագետ Մարկ Ֆիտցպատրիկը կարծում է, որ Ջոնսի այդ գնահատականը չի համապատասխանում իրականությանը.
«Ջոնսի գնահատականում առկա են մի շարք լուրջ թերություններ, այդ թվում՝ նաև Իրանի կողմից ուրանի հարստացման այնպիսի մեթոդի կիրառումը, ինչը նախկինում երբևէ չի գործածվել միջուկային զենքի պատրաստման ժամանակ։
Ես կարծում եմ, որ ատոմային ռումբի ստեղծումն Իրանից կպահանջի նվազագույնը մեկ տարի։ Բացի այդ, Իրանը, հազիվ թե հանուն մեկ ռումբի խախտի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը»։







































