Հորդանանի բարձրաստիճան դիվանագետը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ այսօր հանդիպելուց հետո ասել է, որ Ամմանը կփորձի միջոցներ ձեռք առնել Իսրայելին ու Պաղեստինին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար:
AFP-ն հաղորդում է, որ երկու կողմերը հունվարին հինգ անգամ բանակցություններ են ունեցել, որոնք հովանավորվել են Հորդանանի կողմից: Բայց այդ բանակցություններն ավարտվել են առանց որևէ հստակ արդյունքի:
Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջուդեհն ասել է, որ Հորդանանը կշարունակի իր ջանքերը՝ երաշխավորելու, որ բանակցությունների վերսկսման համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Նա ավելացրել է, որ ապագայում սպասվում են նոր հանդիպումներ:
Ջուդեհն ասել է, որ ինքը Պաղեստինի նախագահին հայտնել է Ռուսաստան և ԱՄՆ իր այցելությունների մասին:









































