Եվրոպական հանձնաժողովը հրաժարվել է Եվրոպական միության ընդլայնման մասին գովազդային հոլովակի ցուցադրությունից, որի բովանդակությունը ոմանք «ռասիստական» են համարել։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Հոլովակում ներկայացված է եվրոպական արտաքինով աղջիկ, ում վրա պատրաստվում են հարձակվել տարբեր` ոչ եվրոպական ազգերի ներկայացուցիչներ:
Սկզբում մեծ լքված պահեստ մտած աղջկա առջև հայտնվում է ասիացու արտաքինով մի տղամարդ, ով ցուցադրում է քունֆուի տեխնիկան: Այնուհետև սրով տարբեր վարժանքներ է ցուցադրում հնդկական ռազմարվեստի վարպետը: Վերջում դուրս է գալիս բրազիլական կապոէյրան մարտարվեստին տիրապետող մարտիկը:
Սակայն աղջիկը հուսալքված տեսք չունի: Հանգիստ նայելով տեղի ունեցողին՝ նա «բազմապատկում է» իրեն, և արդյունքում ռազմարվեստի երեք ներկայացուցիչները շրջապատվում են 12 եվրոպական կանանցով:
Դրանից հետո ոչ եվրոպական ազգերի ներկայացուցիչները ոտքերը խաչած նստում են կենտրոնում, իսկ աղջիկները դառնում են աստղեր` ԵՄ դրոշի վրա: Էկրանին հայտնվում է կարգախոսը «Որքան շատ ենք, այնքան ուժեղ ենք»:
Գովազդային հոլովակը իրավապաշտպան մի քանի խմբերի մոտ բացասական արձագանք է գտել, ինչից հետո Եվրոպական հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ հոլովակը գնահատվել է որպես ռասիստական և դրա առնչությամբ ներողություն է խնդրել:











































