Եվրախորհրդարանի Ֆլամանդյան լիբերալների առաջնորդ, Բելգիայի նախկին վարչապետ Գի Ֆերխոֆստադտը կոչ է արել Ռուսաստանի դեմ «դաժան» բանաձև ընդունել, քանի որ ՌԴ-ում ընտրություններն ազատ չեն եղել:
«Ռուսաստանում նախագահական ընտրությունները չի կարելի կոչել ազատ, և այսօր Արևմուտքի երկրներից պահանջվում է ոչ թե շնորհավորել ընտրությունների հաղթողին, այլ շարունակել ճնշում գործադրել, որպեսզի ապահովվի քաղաքական բարեփոխումների շարունակությունը»,- ասել է քաղաքական գործիչը:
Գի Ֆերխոֆստադտը խոստացել է այս հարցը բարձրացնել Եվրախորհրդարանի մոտակա նիստում և խորհրդարանի անդամներին ներկայացնել ռուս լիբերալներին:
Դրա հետ մեկտեղ ԵՄ արտաքին հարաբերությունների բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ընդունել է «Վլադիմիր Պուտինի հաղթելու ակնհայտ փաստը»:
«ԵՄ–ն ընդունում է ընտրությունների նախնական արդյունքները և Վլադիմիր Պուտինի ակնհայտ հաղթանակը»,- ասել է Էշթոնը:
Իրենց հերթին միջազգային դիտորդներն ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցել են մի շարք խախտումներ:









































