Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր հետաձգվել է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նշան Գևորգյանի վերաբերյալ քրեական գործով դատավարությունը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Անդրանիկ Սահակյանը, նիստը հետաձգվել է ևս մեկ քրեական գործի հարուցման պատճառով: Իսկ նոր քրեական գործը հարուցվել է բժշկական կենտրոնի բժշկուհի Արմինե Հարությունյանի նկատմամբ` կրկին ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով` բժշկական սխալ, որն անզգուշորեն առաջացրել է մահ: Այնպես որ, գործը կրկին գնացել է նախաքննության մարմին, և միայն քննության ավարտից հետո կրկին կվերադառնա դատարան: Ի դեպ, դատախազ Սահակյանի խոսքով` վերը նշված բժշկուհու նկատմամբ նախաքննության ժամանակ էլ գործ հարուցված է եղել, որը սակայն կարճվել է:
Ինչ վերաբերում է բբժշկական կենտրոնի տնօրեն Նշան Գևորգյանին, հիշեցնենք, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, այն է` 2010 թ. հուլիսի 17-ին՝ ժամը 22-ի սահմաններում, իմանալով նույն օրը ժամը 17: 05-ին Արմավիր ԲԿ ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննես Համլետի Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացման մասին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն, անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Հ. Հովհաննիսյանը մահացել է: Այսինքն` Նշան Գևորգյանը կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քր. օրի 130 հ. 2-րդ մասով:
Դրանից հետո, արդեն որպես պաշտոնատար անձ, շարունակելով ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները կատարել ոչ պատշաճ, ընկերության շտապ օգնության ծառայության աշխատանքները ճիշտ չկազմակերպելով, ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, որի արդյունքում 2010 թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադը, բենզին չունենալու պատճառաբանությամբ, Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Սարգսի Խլղաթյանի հարազատների՝ ժամը 00: 46-ի հեռախոսականչով հիվանդ Վ. Խլղաթյանի առողջական վիճակին սպառնացող վտանգի պարագայում նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել, և դրա հետևանքով հիվանդը մահացել է: Այսինքն` այս դեպքում Նշան Գևորգյանը կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քր. օրի 315 հ. 2-րդ մասով:
Բացի այդ, Նշան Գևորգյանը, ի պաշտոնե անփույթ վերաբերմունքի դրսևորմամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում ԲԿ-ն չի ապահովել մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, ու երբ 01.01.2011 թ. Արմավիրի ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Սայադի Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժօգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չեն ունեցել, որը ևս, որպես Ն. Գևորգյանի կողմից թույլ տրված կազմակերպչական բնույթի թերություն, անզգուշորեն առաջացրել է հիվանդի մահ: Մեղադրողը հաստատել է, որ այս դեպքում էլ բժշկական կենտրոնի տնօրենը կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քր. օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասով:
Լուսանկարը` «Հետք»-ի







































