Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համաձայն չէ այն մտքին, որ ՀԱԿ անդամ 4 կուսակցությունների՝ համամասնական ցուցակում ընդգրկվելուց հրաժարվելը կարող է կառույցի ներսում երկպառակություն ծնել: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Այլ մեկնաբանություններ չեմ ուզում անել: Դա այդ մարդկանց դիրքորոշումն է: Հավանաբար, նրանք ինչ-որ բանից գոհ չեն, բայց սա պառակտման հիմքեր չունի»:
Նշենք, որ ավելի վաղ ՀԱԿ չորս կուսակցություններ՝ Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք ու պատիվը», Սոս Գիմիշյանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը» և Հայ կամավորականների համախմբումը, հայտարարել էին Կոնգրեսի համամասնական ցուցակում տեղերից հրաժարվելու մասին:
Նշենք նաև, որ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին չէր բացառել, որ հնարավոր է՝ իր պայքարը շարունակի «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հետ:











































