Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում դարձյալ վերհիշել է Խոջալուի (Իվանյան) իրադարձությունների մասին, ինչի կապակցությամբ փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում կազմակերպվել էր խիստ հակահայկական միտինգ.
«Ոչ ոք չի կարող ստվեր նետել այդ միտինգի վրա այն պատճառով, որ այնտեղ իբրև թե նկատվել են ազգայնամոլական պաստառներ: Եթե անգամ այդ պաստառները եղել են, ապա հնարավոր է, որ դրանք լինեն նաև ցանկացած զանգվածային ակցիայի ժամանակ:
Ոչ ոք չի կարող օգտվել այդ դեպքից՝ մեր երկրի իմիջին վնաս հասցնելու համար: Եթե այդ մասին ազդարարողները հանդիսանում են մարդու իրավունքների պայքարի առաջամարտիկներ, ապա ինչո՞ւ են նրանք լռում Խոջալուի իրադարձությունների կապակցությամբ: Եթե ինչ-որ մեկը հայերին համարում է իր եղբայրը, ապա մեր եղբայրները խոջալեցիներն են»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը երկու միլիոն դոլար է հատկացրել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում հակահայկական ցույցի կազմակերպման համար, ինչն անհանգստացրել էր նաև ԵՄ-ին:










































