«Արմավիա» ավիաընկերության սնանկացման խնդիր է դրված, և ինչ-որ մեկն ուզում է գնել այն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով «Արմավիա» ավիաընկերության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի միջև առկա վեճը:
Նրա խոսքով՝ տարիներ առաջ «Հայկական ավիաուղիներ»-ը սնանկացրին, հիմա էլ, հավանաբար, Միքայել Բաղդասարովը մեծ պարտքեր ունի այստեղ և դրանցից խուսափելու համար գնում է սնանկացման:
Ըստ Շ. Պետրոսյանի՝ խնդիր կա նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի կողմից, որը ծառայությունների համար կամայական գներ է սահմանում՝ միջազգայինից մոտ 10%-ով ավելի. «Սպասարկման գները բավականին բարձր են, ուղղակի մենաշնորհ է: Ժամանակին՝ 15 տարի առաջ, մենք լիբերալիզացրինք ոլորտը, փորձեցինք մրցակցություն ապահովել, բայց հետո նորից մենաշնորհեցին, ու հիմա օդանավակայանն ինչ գին ասես՝ դնում է»:
Շ. Պետրոսյանը նշեց, որ «Արմավիա»-ն էլ իր հերթին է շատ թանկ ծառայություններ մատուցում՝ համեմատած զարգացած երկրների օդանավակայանների հետ՝ թե՛ եվրոպական, թե՛ միջինարևելյան, թե՛ մեր հարևան Թբիլիսիի:
«Այսինքն՝ առկա է ուղղակի փողերի լվացում: Ավիացիան մեր տնտեսության մեջ ամենամեծ տորթն է, ու բնական է, որ ձեռքից ձեռք է գնալու: Հնարավոր է՝ նաև օլիգարխներից մեկն է ուզում ձեռք գցել»,- ասաց Շ. Պետրոսյանը:
Նա միաժամանակ նկատեց, որ «Արմավիա»-ն չի կարող դժգոհել, թե՝ ոլորտը շահութաբեր չէ, բայց նաև խայտառակություն է, որ երկիրը ոչ մի սեփական օդանավ չունի, ընդ որում՝ «Սուխոյ սուպերջեթ-100»-ը ՀՀ-ն չի գնել, այլ այն մեզ տրվել է բարձրագոտի փորձարկումների համար:










































