Բնական է, որ բոլոր կուսակցություններն էլ իրենց ցուցակները չեն ներկայացնում` սպասելով ՀՀԿ-ին. սա՝ առանց համեստության: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:
«ՀՀԿ-ն դոմինանտ ուժ է, ԱԺ-ում ներկայացված է բացարձակ մեծամասնությամբ: ՀՀԿ-ն որևէ մեկի հետ պայքարելու խնդիր չունի, պարզապես անում է ամեն բան` ունենալու համար ռեալ իրավունք` հետագա հինգ տարիներին կառավարելու: ՀՀԿ-ն պայքարելու է իր քվեների համար: Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում»,- ասաց նա` ակնարկելով հատկապես ԲՀԿ-ի հետ մրցապայքարի հնարավորությունը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն երբեք չի խուսափել պատասխանատվությունից: «Երբ մեզ քննադատում են, չենք ասում` սա մենք չենք արել, բայց լավ գործեր էլ ենք արել»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը շարունակեց Այվազյանի սևակյան տողերի մեջբերումը` հավելելով` «Մեզ մի սեղմեք այնքան, որ ադամանդ դառնանք»:
«Արդեն իսկ պարզ է, որ ՀՀԿ-ն պատասխան է տալիս և համամասնական, և մեծամասնական ցուցակների համար: Թող չասեն` իրենց համամասնական ցուցակը լավն է, մաքուր է: Իրենք պատասխան պետք է տան նաև մեծամասնականի համար:
Միաժամանակ, «Ժառանգությանը» ոչինչ չի տալիս այն, թե ինչպիսին կլինի ՀՀԿ ցուցակը, քանի որ մենք զբաղված ենք մեր ցուցակով: ՀՀԿ-ն իրոք այսօր դոմինանտ է, բայց արդյոք ասենք՝ արտագաղթի, մոնոպոլիաների, սոցիալական վատթար վիճակի մասով դոմինանտ չէ՞:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» ցուցակներին, ապա դրանց մասին հստակ բանաձևում ենք արել: Կուսակցության խորհուրդն օրերս կանդրադառնա մեծամասնական թեկնածուների, ընտրություններին մեր մասնակցության ձևաչափի և մնացած բոլոր հարցերին: Մենք պայքարը տանելու ենք բոլոր ուղղություններով»,- ասաց նա:












































