Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը:
Այս անգամ դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը: Արմեն Պողոսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց պաշտպան Ալվանդյանին փոխելու վերաբերյալ և խնդրեց այսուհետ նիստերի համար ծանուցել նախաքննության ընթացքում իրեն պաշտպանած Հայկ Ալումյանին:
Ամբաստանյալ Վահան Խանզադյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը դատարանին հայտնեց, որ արդեն ծանոթ է գործի բոլոր նյութերին և չի կարող խոչընդոտել նիստերի անցկացմանը, սակայն քանի որ ամբաստանյալներից մեկի պաշտպանի բացակայությամբ դատական նիստը շարունակելու իրավասություն չկա, դատավոր Արտակ Վարդանյանը կողմերի համաձայնությամբ որոշեց հետաձգել դատական նիստը մինչև մարտի 14-ը:
Նշենք, որ դատարանում էին նաև վկա Կարինե Շահինյանը, դատախազ Հարություն Հարությունյանը, Հովհաննես Թամամյանը և նրա պաշտպան Վաղինակ Գևորգյանը:
Հնարավո՞ր է արդյոք, որ ինչպես Մարգար Օհանյանը խոստովանեց, թե իր գլխին սարքել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ինքն էլ ի վերջո նման հայտարարություն անի, լրագրողների հարցին ի պատասխան՝ Թամամյանը նշեց, որ Մարգար Օհանյանը չէր կարող նման բան ասել:









































