Հունվար ամսվա գնաճը և փետրվարի գնանկումը ՀՀ շուկայում դարձել են օրինաչափ։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, 2011 թ. դեկտեմբերի համեմատ՝ հունվարի 3.6% գնաճից հետո փետրվարին, հունվարի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում:
«Հունվարյան բարձր գնաճը հիմնականում պայմանավորված էր որոշ գյուղմթերքների նկատելի գնաճով»,- ասաց Գ. Մարտիրոսյանը` պարզաբանելով, որ հունվարի գնաճի մեջ որոշ չափով ներառվում է նաև ամանորյա թանկացումների մի մասը:
Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2012թ. փետրվարին 2011թ. փետրվարի համեմատ սպառողական գնաճը կազմել է 3.0%, այդ թվում` պարենային ապրանքները՝ 3.3%, ոչ պարենային ապրանքները` 3.7%, ծառայությունների սակագները` 2.1%:
Գ.Մարտիրոսյանի խոսքով՝ այս տարվա առաջին 2 ամսում կուտակային գնաճը կազմել է 3.9%:
Անդրադառնալով ալյուրի թանկացմանը` Գ. Մարտիրոսյանը հայտնեց, որ հունվարին բարձր տեսակի ալյուրի թանկացումը կազմել է 0.3%, փետրվարին` 4.4%, առաջին տեսակի ալյուրը հունվարին ունեցել է 0.2% գնանկում, փետրվարին` 0.2% գնաճ, իսկ հացի գինը հունվարին թանկացել է 0.1%-ով, փետրվարին գների փոփոխություն չի արձանագրվել:
Լրագրողների զարմանքին, թե՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարին ալյուրի 9% թանկացում է արձանագրել, Գ. Մարտիրոսյանը բացատրեց հետևյալ կերպ. ԱՎԾ հաշվարկներում ներառվում են տվյալ ամսվա առաջին 2 տասնօրյակները, իսկ երրորդ տասնօրյակում տեղի ունեցած փոփոխությունը ներառվում է մարտի ցուցանիշներում:
«Ալյուրի թանկացում արձանագրվել է հիմնականում փետրվարի երկրորդ կեսից»,- նշեց ԱՎԾ պաշտոնյան:









































