Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավարտել է ջրի սակագնի ճշգրտման վերաբերյալ «Երևան Ջուր» ընկերության ներկայացրած հայտի փաստաթղթերի համապատասխանության կամերալ ստուգումը, և հայտը վերցվել է ուսումնասիրության: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀԾԿՀ մամլո քարտուղար Մարիամ Ստեփանյանը, 90 օրվա ժամանակահատվածում, կամ հնարավոր է ավելի շուտ, ուսումնասիրութունը կավարտվի, և հարցը կդրվի հանձնաժողովի նիստում քննարկման:
«Կընդունվի որոշում՝ կա՛մ սակագինը կթողնվի անփոփոխ, կա՛մ կբարձրացվի, կա՛մ կիջեցվի»,- նշեց Մ. Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ «Երևան Ջուր» ընկերությունը Երևանի սպառողների համար խմելու ջրի սակագինն առաջարկում է բարձրացնել է մոտ 2 դրամով: Ներկայում Երևանում խմելու ջրի մեկ խորանարդ մետրի սակագինը (ներառյալ՝ ջրահեռացումը) 174 դրամ 6 լումա Է: «ԵՋ»-ն առաջարկում է բարձրացնել մինչև 175 դրամ 8 լումա, թեև ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրով «ԵՋ»-ն, 2009 թվականից սկսած, ջրամատակարարման սակագինը պետք է սկսեր նվազեցնել:











































