Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը ողջունել է Կարսում տեղադրված հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի քանդման մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը, հաղորդում է TREND-ը: «Ռեջեփ Էրդողանի՝ արձանի քանդման մասին որոշումը արժանի է հավանության: Հուշարձանի ապամոնտաժումը շատ տրամաբանական քայլ է և արտացոլում է ներկայիս իրականությունը»,- հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին: Նրա կարծիքով, այս հուշարձանի գոյությունը հայերի օկուպացիոն քաղաքականության բարոյական արդարացումն է: Գուրբանլին նաև կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական սահմանի բացումը էական տնտեսական օգուտ չի կարող բերել Թուրքիայի սահամանամերձ շրջանի բնակչությանը, իսկ Հայաստանը նպատակ ունի վնասելու Թուրքիայի հեղինակությանը, և այդ պայմաններում անիմաստ է գոյություն չունեցող բարեկամության հուշարձան կանգնեցնել: Անցած շաբաթ օրը Էրդողանը Կարս կատարած այցի ընթացքում հրահանգել էր ապամոնտաժել հուշարձանը` այն որակելով անճոռնի:







































